Իշխանությունների կողմից որևէ քայլ արցախցիների արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում. հայտարարություն

20 Սեպտեմբերի, 2025

«Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա»,- նշված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը։ Վերջին մեկամսյա դադարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի մեր հետագա գործունեությունը։ Այս ընթացքում մարզերից բազմաթիվ հայրենակիցներ դիմել են մեզ հանդիպումների խնդրանքով։ Բացի դրանից՝ անընդհատ ստանում ենք արձագանքներ՝ շարժմանը անդամակցելու պատրաստակամությամբ։

Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա։

Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում անդամակցել շարժմանը և ակտիվորեն ներգրավվել Խորհրդի աշխատանքներին։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կցված հարցաթերթիկը (Google Form)։ Նշենք, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում շարժմանը անդամակցած անձիք հենց իրենք էլ կընտրեն շարժման համակարգողներին ու կհաստատեն շարժման օրակարգը։ Այդ գործընթացի ընթացքում նաև հանդիպելու ենք ինչպես մարզերում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ։

Մեր շարժումը հանրային է և բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իր մասնակցությամբ նպաստել Արցախի հարցի արդար լուծմանը և արցախցիների իրավունքների վերականգնմանը։

Վերջին շրջանում տեղի ունեցած հանրահավաքներն ու տարբեր գործընթացները ցույց են տալիս, որ առաջին հերթին մենք ինքներս պետք է լինենք համախմբված, անձամբ բարձրաձայնենք մեր իրավունքների մասին և համատեղ ջանքերով դրանք դարձնենք համահայկական օրակարգ։ Կրկին ընդգծում ենք․ չենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից։ Իսկ դա առաջին հերթին պիտի անի հենց արցախահայությունը։

Ցավոք, հավաքներին մարդկանց քիչ մասնակցությունը պայմանավորված է հիասթափությամբ և վստահության նվազումով։ Մինչդեռ մեզ համար առաջնային է և՛ վերադարձը Արցախ, և՛ Պահանջագրի բոլոր 12 կետերի իրագործումը։ Միևնույն ժամանակ չենք կարող անտեսել նաև այն ցավալի իրողությունը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները արտագաղթեն։ Արդեն իսկ շուրջ 17․000 արցախցի լքել է Հայաստանը։ Մենք նախ և առաջ պետք է կանխենք արտագաղթը, քանի որ եթե արցախահայությունը չի բնակվում մայր Հայաստանում, ապա վերադարձի մասին խոսելն անիրատեսական է և կորցնում է իր իմաստը։

Մենք համոզվել ենք, որ մեր խնդիրները լուծելու և որևէ արդյունքի հասնելու միակ տարբերակը համախմբված հանրային ճնշումն է։ Որևէ առաջարկ, նամակ կամ քննարկում այս կառավարության հետ որևէ արդյունք չի տալիս։ Երկու ամիս շարունակ Խորհուրդը բարձր մակարդակով բազմակողմանի ներկայացրել է թե՛ խնդիրները, թե՛ դրանց լուծման առաջարկները, սակայն այն նվազագույն արդյունքները, որ ապահովվել են, ձեռք են բերվել բացառապես մեր համախմբվածության շնորհիվ։

Մարտի 29-ի հանրահավաքից հետո միայն հնարավոր եղավ հասնել մի շարք կարևոր փոփոխությունների․ բնակարանային ծրագրում վերացվեցին մեկ տասնյակից ավելի սահմանափակումներ, 150-ից ավել բնակավայր ընդգրկվեց երկրորդ գոտում, և լուծվեցին մի շարք այլ խնդիրներ։ Այս ամենը մեր բոլորիս համատեղ ջանքերի արդյունքն էր։

Սակայն կառավարության տված խոստումները, նույնիսկ արձանագրված, չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ Խորհուրդը բավարար աջակցություն չունի։ Մեր խնդիրները մենք՝ արցախցիներս, առաջին հերթին պետք է ներկայացնենք հավաքական կերպով։

Ահա թե ինչու Խորհուրդը հենց առաջին օրվանից, իր գլխավոր նպատակը համարելով արցախցիների վերադարձը Արցախ, առաջնահերթ է համարել նաև նրանց սոցիալական խնդիրների լուծումը։ Թեև դա եղել է որոշ անհատների և քաղաքական ուժերի քննադատության առարկա, մենք համոզված ենք, որ առանց արժանապատիվ կյանքի պայմանների, առանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման, արցախցիների արտագաղթը չի դադարի։ Այս պահին իշխանությունների կողմից որևէ քայլ արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ուժը միայն միասնության մեջ է։ Եթե միասին բարձրաձայնենք, միասին գործենք և միասին պաշտպանենք մեր իրավունքները, ապա ոչ ոք չի կարող մեր ապագան տնօրինել մեր փոխարեն։

Կոչ ենք անում բոլորիդ լրացնել հարցաթերթիկը, միանալ շարժմանը, համախմբվել և համատեղ ուժերով պայքարել մեր իրավունքների պաշտպանության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության...

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է WSJ-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին։ Ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց, ամերիկացի բանակցողները...

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տեղում առկա իրողությունները, որտեղ իրավիճակը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...