Հրամայական է Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը․ Գարեգին Բ

4 Սեպտեմբերի, 2025

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։
Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Այնուհետև մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։
«Առաջին տիեզերաժողովը համախմբեց բազում Եկեղեցիների՝ միասնաբար հակադարձելու եկեղեցական կյանքը հուզող երևույթներին, ավետարանական ճշմարտությունները խեղաթյուրող փորձերին, զերծ պահելու հավատքը կամայական մեկնաբանություններից ու տարաբնույթ մոլորություններից։
Ընդհանրական Եկեղեցին Նիկիայի առաջին տիեզերաժողովի գումարումով, որին Հայոց Եկեղեցուց իր մասնակցությունը բերեց Արիստակես Հայրապետը՝ որդին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կաթողիկոսի, սահմանեց Նիկիական Հանգանակը և հաստատեց Քրիստոսի Աստվածության վերաբերյալ Եկեղեցու անխախտելի վարդապետությունը։ Այն դարձավ ամուր խարիսխը քրիստոնեական հավատքի, որով նաև սահմանվեցին աստվածաբանական եզրեր և հիմնադրույթներ, և բանաձևվեց Քրիստոսի Եկեղեցին որպես մի, ընդհանրական և առաքելական։ Ժողովում ընդունված քսան կանոնները ևս կարևոր ուղենիշ դարձան Եկեղեցու ծիսականոնական կյանքում, նվիրապետական կարգի ընկալումներում»,- նշեց Հայոց Հայրապետը՝ փաստելով, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը, աշխարհի ծագերից 318 հայրապետների համախմբումով, դարձավ վահանը քրիստոնեական հավատի և վկայությունը Եկեղեցու ընդհանրականության և միասնականության։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց, որ Նիկիական Հանգանակն այսօր ևս միավորում է տարբեր մշակույթներից ու միջավայրերից եկող քրիստոնյաներին և շարունակում մնալ ուժ և զորություն պարգևող քրիստոնեական հավատի անեղծ ակունքը։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այսօր Եկեղեցու փորձառությամբ ու սուրբ հայրերից կողմից փոխանցված օրինակներով պիտի առավել ջանք գործադրվի ի խնդիր հավատքի պահպանության, աշխարհում խաղաղության, մարդկանց միջև հաճության երկնային պատգամի տարածման։
«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում։ Տակավին չեն ամոքվել վերքերը, որ պատճառվեցին մեր ժողովրդին 2020 թվականին Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքով, երբ սեփական պատմական հողի վրա անկախ ու ապահով ապրելու ու բազմադարյա սրբավայրերում ազատորեն աղոթելու ցանկության պատճառով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավորներ, որբացան տասնյակ հազարավոր ընտանիքներ, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը՝ հարյուր քսան հազար ունեզրկված հայորդիներ։ Ադրբեջանում նաև առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ։ Բռնազավթված Արցախում ներկայիս ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը։
Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ աղոթքի, երկխոսության, արդյունավոր հարաբերությունների և միասնական ջանքերի միջոցով է հնարավոր մարդկության կյանքում առատացնել հաճությունն ու համերաշխությունը, որպեսզի կանխվեն եղեռնագործությունները, դադարեն դժբախտությունները և աշխարհում գերակայի Աստծո կամքը։
Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։
Համաժողովի մասնակիցները կայցելեն տարբեր սրբավայրեր ու թանգարաններ, կմասնակցեն էկումենիկ աղոթքների, կծանոթանան Հայոց Եկեղեցու ու ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությանը»։

Նմանատիպ նյութեր

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...