Երեխաների համար պետպատվերի գումար չկա. «Ժողովուրդ»

2 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական համակարգում օրը մեկ օրենք գրող եւ հաստատող պաշտոնյաներից մեկը երեկ Ազգային ժողովում հաստատեց, որ թողարկված օրենքների հետեւողականությունը եւ դրանց մասին տեղեկատվության տիրապետումը զրոյական մակարդակում է։

Երեկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։

Քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ծրագիրը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ մարզային այցերի ժամանակ առնչված խնդրի վերաբերյալ հասարակ մի հարց տվեց. «Ունե՞նք արդյոք պետպատվերի խնդիր, թե՞ ոչ»։

«Պետպատվերի մասին ես որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է։ Եթե խնդիր կա, մեզ տեղեկացրեք։ Մենք չունենք խնդիր պետպատվերի իրականացման հետ կապված։ Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ»,- պատասխանում է Նանուշյանը։

Մանավազյանը, չցանկանալով փոխնախարարին վատ դրության մեջ դնել, փորձում էր չընդգծել նրա անտեղյակությունը եւ շրջանցում է հարցը, ինչը չընդունեց ՔՊ-ական Էդգար Հակոբյանը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը փոխնախարարին սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան պետպատվերի տրամադրման վերաբերյալ։
«Տիկի՛ն Նանուշյան, ասացիք՝ տեղյակ չեք, խնդիր կա թե ոչ, բայց ես կարծում եմ՝ կա։

Իմ 5 տարեկան տղային մեկ ամիս առաջ վիրահատել էին արտերկրում։ Հետո հրատապ խնդիր կար կոտրվածքի հետ կապված, բժշկական միջամտություն էր պետք, բարդություն էր տվել։ Մի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ պետպատվեր չկա։ Ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու, արեցի, բայց կարծում եմ, որ խնդիր կա։ Սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները այդ դեպքում չգիտեմ՝ ինչ պետք է անեն։ Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, անմիջապես է պետք միջամտություն իրականացնել, ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից մեր հերթը կհասներ, ինչը, կարծում եմ, նորմալ չէ»,- եզրափակեց Հակոբյանը։
Փոխնախարարը փորձեց արդարանալ, որ հերթագրումը նորմալ երեւույթ է, որ սա միջազգային փորձ է, աշխատում ենք՝ վստահություն հայտնելով, որ համակարգում խնդիր չկա անհետաձգելի պետպատվերի տրամադրման առնչությամբ։

Հակոբյանը պնդեց՝ անձամբ ինքն է բժիշկների հետ խոսել, բժիշկն ասել է, որ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց, որ կարող է տալ բուժհաստատության եւ բժշկի համարը։

«Կարող է մի բան ձեզ սխալ են զեկուցում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ խնդրի հետեւից գնալ է պետք։ Եթե, օրինակ, անչափահաս երեխաները որեւէ բուժօգնության կարիք են ունենում, ստացվում է՝ եթե գումար չունեն, ոչ մի բան չպետք է արվի փաստացի»։

Փոխնախարարը կրկին արդարացավ՝ մեղքը բուժհաստատության վրա բարդելով կամ նշելով. «Ես հնարավոր է լիարժեք տեղեկացված չեմ, որովհետեւ այստեղ գալուց առաջ ես տեղեկացված չեմ եղել այդ հարցերից»:

Այնինչ հենց առնվազն այդտեղ գալուց առաջ պետք էր տեղեկանալ։ Իսկ անտեղյակ պաշտոնյաներին նորմալ երկրում հեռացնում են աշխատանքից անմիջապես:
«Ժողովուրդ» օրաթերթը Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե որոնք են այս խնդրի բուն արմատները, ինչու է պետպատվերն ավարտվել եւ ինչ պետք է անել այդ պարագայում։ Խարազյանը հերթագրումը նորմալ համարեց եւ բառախաղի պես մանիպուլացրեց։

«Որոշ միջոցառումների մասով է, որ հերթագրում ունենք։ Պետպատվերի տրամադրումը չի ավարտվել, այլ հերթագրումով է իրականացվում։ Պայմանավորված է այլ միջոցառումներով նախատեսված գումարների սահմանաչափերի սպառմամբ։ Այսինքն՝ սահմանաչափեր ենք դնում միջոցառման համար յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, թե տվյալ ամիս այդ միջոցառումով որքան դեպքեր կարող ենք սպասարկել։

Երբ սահմանաչափը սպառվում է, հերթագրման համակարգն է աշխատում»,- նշեց Խարազյանը՝ «ավարտվել» եւ «սպառել» բառերի խաղով, որից էությունը չի փոխվում:
Ստացվում է, պետպատվերով տրամադրվող գումարները ոչ թե վերջացել են, այլ «սահմանաչափը սպառվել է»։

Սպառման պատճառն էլ, պարզվում է, դիմելիության քանակն է եղել. շատ են դիմել, եւ 8-րդ ամսում արդեն սպառվել են, օրինակ, անչափահասներին տրամադրվող պետպատվերները:

«Երեխաների մասով՝ միայն վերականգնողական, իսկ մեծերի մասով դժվարամատչելի կանխորոշիչ հետազոտությունների համար սահմանաչափը սպառվել է, այժմ մենք աշխատում ենք, որ հասկանանք հերթագրման ծավալները, այսինքն՝ պահանջվող հետազոտությունների ծավալները որքան են կազմում մինչեւ տարեվերջ, ինչ հերթագրման ծավալ ունենք, եւ այդ գումարի շրջանակում դիմենք Կառավարությանը։ Եթե Կառավարությունն աջակցի, այդ փողերը լրացուցիչ տրամադրի, պետպատվերի հարցը կկարգավորենք». – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Խարազյանը։

Խարազյանը թվային տվյալներ չկարողացավ տալ, քանի որ ձեռքի տակ թվեր չկային, իսկ կառույցում հոսանք չկար: ՀԷՑ-ով Կառավարությունն է զբաղվում. պետական կառույցում լույս չկա:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ երեխաների համար Կառավարությունը պետպատվեր չի տրամադրում, այն դեպքում, երբ կա հրատապության հարց։ Սա դեռ մի կողմ՝ անտեղյակ փոխնախարարը, փոխարենը սեփական ոլորտի խնդիրները ավելի լավ ուսումնասիրի, արդարանում է ուրիշներին մեղադրելով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի ​​մեկնաբանության համաձայն՝ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար։ «Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի...

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

1001 հարցված քաղաքացիների ճնշող մասը՝ 54%-ը, պնդում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Այդ մասին հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 54%-ից 53%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ է ՀՀ երկրորդ...

Մենք ազգովի պարտավոր ենք կտրել զիջումների այս շղթան հանուն մեր հավաքական լինելիության․ Ռուստամյան 

«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող...

ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին է կրակում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

  «Հայ Դատի մեր զինվորագրյալ ընկերներն ու համակիրները, որոնց ներկայացուցիչները նստած են այստեղ, հայության երկրորդ բանակն են, որ կմաքառի արտաքին աշխարհի քաղաքական, դիվանագիտական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հարթակների վրա՝...

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։ «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով «թխված» գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ...