Իշխանությունները շարունակում են «օդային» փիառը. «Փաստ»

30 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնությունների թեման մի քանի շաբաթ է, ինչ քննարկումների բուռն տիրույթում է։ Ընդ որում, քննարկումների ընթացքում Վաշինգտոնյան հանդիպումը դիտարկվում է տարբեր կողմերից։ ՀՀ իշխանությունները և նրանց հարող շրջանակներն առաջնորդվում են Վաշինգտոնյան հանդիպման մասին ասել կա՛մ ոչինչ, կա՛մ միայն դրականը սկզբունքով։ Իսկ այն մարդիկ ու վերլուծաբանները, որոնք խութեր են տեսնում օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունների համատեքստում կամ քննադատում են դրանք, դիտարկվում են որպես «հինգերորդ շարասյուն» կամ ուղղակի «խաղաղության հակառակորդներ»։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները փորձում են այնպիսի ֆոն ստեղծել, թե խաղաղության հասնելու ճանապարհին ահռելի «դիվանագիտական հաղթանակ» են տարել, որը նախկինում երբեք չի հաջողվել։

Օրինակ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ հայտարարում է, թե օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Փաշինյանն էլ իր խոսքում ամեն անգամ անդրադառնում է Վաշինգտոնյան համաձայնություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախման հավանականությունն այսօր ամենացածր մակարդակում է։

Իսկ իրականում իշխանությունները շատ են շտապում «փիառային» արձանագրումներ անել, քանի որ առկա են փաստեր, որոնք վկայում են հակառակի մասին։ Նախ՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը դեռ չի նշանակում, թե այն անպայման վավերացվելու և ուժի մեջ է մտնելու։ Ավելին, նույնիսկ նախաստորագրումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է պահանջների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Առաջին հերթին այդ պահանջը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։ Ու եթե անգամ Հայաստանը գնա նոր Սահմանադրություն ընդունելու ճանապարհով, որը ժամանակատար պրոցես է, ապա դա նշանակում է, որ մոտ մեկ տարի ուժի մեջ մտած խաղաղության պայմանագիր չենք ունենալու։ Բայց նույնիսկ Սահմանադրության փոփոխությունը չի ենթադրում, որ դրանից հետո ադրբեջանական կողմից այլ պահանջներ չեն հնչի։ Ու դրա համար արդեն իսկ հող նախապատրաստվել է։ Բաքվից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի շուրջ։ Ու հաջորդ նախապայմանը կարող է հենց դա լինել։ Կամ կարող են պահանջներ ներկայացվել այն մասին, որ Հայաստանը չպետք է ունենա մարտունակ զինված ուժեր։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն ընդհանրապես շահագրգռվածություն չունի խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է սպառնալ և վիրավորական արտահայտություններ թույլ տալ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն, ստեղծել նոր զինական միավորումներ, մեծ քանակությամբ սպառազինություններ գնել, բանակը համապատասխանեցնել թուրքական մոդելին ու թուրքական զորամիավորումների հետ համատեղ զորավարժությունների մասնակցել։ Այնինչ Հայաստանում ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կարող են դիտարկել ռազմական ծախսերը նվազեցնելու հարցը։ Չէ՞ որ արդեն խաղաղություն է հաստատվել։

Բացի այդ, անգամ եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի ու վավերացվի էլ, դա դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը գործելու է դրան համապատասխան։ Հենց Ալիևն էր հայտարարում, թե միջազգային իրավունքն իր համար չի գործում և ցանկացած խաղաղության պայմանագիր ընդամենը թղթի կտոր է։

Ու մինչ ԱՄՆ-ում ևս փորձում են ցույց տալ, թե Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն են հաստատել, տարբեր վերլուծական շրջանակներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում ընդգծում են Վաշինգտոնյան համաձայնությունների խոցելիության մասին։ Նախ՝ շեշտվում է այն, որ Վաշինգտոնում կայացած համաձայնությունները դեռևս շատ նախնական են ու հեղհեղուկ վիճակում։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով են խաղաղությունն ու կայունությունն ապահովվելու։ Մյուս կողմից էլ՝ նշվում է այն մասին, որ այդպիսի համաձայնությունը միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ չի կարող կենսունակ լինել, քանի որ դրանում ներգրավված չեն տարածաշրջանային ուժերը՝ առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանը։ Ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացների վրա, մինչդեռ ԱՄՆ-ը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է։ Վաշինգտոնն արդյոք ի վիճակի՞ է միայն իր ուժերով ապահովել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Եվ հետո՝ ապագայում ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններից հետո նոր վարչակազմը կարող է որոշել, որ իրենց շահերից չի բխում հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հարավային Կովկասում ներկայություն ունենալ և բալանսը որոշելու հարցը թողնել տարածաշրջանային ուժերի վրա։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու։

Վերլուծական շրջանակների կողմից ուշադրության տակ է առնվում նաև այն հանգամանքը, որ վաշինգտոնյան հանդիպման արդյունքում հերթական անգամ շահեց Ադրբեջանը, իսկ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Հայկական կողմը կատարեց հերթական զիջումն՝ այս անգամ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելու հետ կապված, փոխարենը ստանալով ընդամենը խաղաղության հետ կապված խարխուլ հավաստիացումներ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...