Միքայել Աջապահյանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին

18 Հուլիսի, 2025

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:

Դատավոր Վաչե Մարգարյանը պաշտպանների բողոքներն ընդունել է վարույթ և 14.07.2025թ. որոշել է հատուկ վերանայման վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի կայացման օր է նշանակել 2025 թվականի հուլիսի 24-ը (դատարանի նշված որոշումը պաշտպանները ստացել են 17.07.2025թ.):

15.07.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները միջնորդել են վերաքննիչ դատարանին քրեական վարույթով կալանավորման բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով։ Այս միջնորդության քննության վերաբերյալ պաշտպանական կողմը դեռ տեղեկություն չունի:

Ըստ պաշտպանների միջնորդության՝

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։

Թեև օրենսդիրը բանավոր ընթացակարգով քննության հատուկ պայմաններ չի սահմանել, և այն որոշելու հայեցողությունը պատկանում է դատարանին, այնուամենայնիվ գտնում ենք, որ դատարանի հայեցողությունն արտահայտվում է որոշակի իրավական և բարոյական հանգամանքներից ելնելով, որոնք ողջամտորեն պահանջում են գործի մանրամասն ուսումնասիրություն:

Գտնում ենք, որ մեր գործում առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ՝ դատարանը կարող է բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով: Այսպես՝

1) Նախ հարկ է նշել, որ նախագահող դատավորի բացարկի հարցի քննարկման կապակցությամբ էական հանգամանքներ կան, որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Այս կապակցությամբ պաշտպանական կողմը դատարանին հարցեր ունի, և այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներից հետո նոր կարող է պարզվել, թե դատարանին բացարկ հայտնելու մտավախությունը փարատվում է, թե՝ հաստատվում: Այս առումով անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի արդյունավետ կերպով իրացնելու նշված իրավունքը, այն էլ այս հասարակական հնչեղություն ստացած և քաղաքական ենթատեքստ ունեցող վարույթով:

2) Բացի այդ, սույն վարույթով, ի թիվս այլնի, վիճարկվում է նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքի (կրկին դատվելու արգելքի սկզբունքի շրջանակներում) առկայություն, որն առանցքային նշանակություն ունի և պահանջում է մանրակրկիտ և խորը քննարկում: Բանավոր ընթացակարգի ժամանակ հնարավորություն կստեղծվի, որ կողմերը կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքն, այդ թվում՝ արձագանքել մյուս կողմի փաստարկներին կամ դատարանի հարցերին: Սա նաև թույլ կտա դատարանին ստանալ ամբողջական և համոզիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի նաև, որ դատարանը որոշում կայացնի՝ հաշվի առնելով վարույթի ամբողջ առանձնահատկությունը, քանի որ, այն կարող է հանգեցնել բողոքի բավարարմանը:

3) Գտնում ենք նաև, որ մեղադրյալի անմիջական մասնակցության իրավունքի ապահովումը նույնպես առանցքային դեր ունի իրեն ազատությունից զրկելու վարույթում: Կարծում ենք, որ մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա անմիջականորեն տեսնելու և լսելու դատարանին և ներկայացնելու իր դիրքորոշումը՝ առանց միջնորդավորված հաղորդակցության սահմանափակումների։ Բանավոր ընթացակարգը թույլ է տալիս մեղադրյալին ոչ միայն ստանալու տեղեկատվություն, այլև ակտիվորեն մասնակցելու իր ճակատագրին վերաբերող որոշման կայացման գործընթացին։ Սա կենսական նշանակություն ունի արդար դատաքննության ապահովման և առնվազն նման տպավորություն ստեղծելու հարցում (դատարանը ոչ միայն պետք է լինի արդար, այլև պետք է երևա այդպիսին)։

4) Հատկապես այն դեպքում, երբ մեղադրյալը բարձրաստիճան հոգևորական է և հասարակության համար այս վարույթը չափազանց զգայուն է, ուստի կարևորվում է այն գիտակցումը, որ հանրության և մեր համար տեսանելի պետք է լինի, որ դատարանը պատրաստ է և ցանկանում է անմիջականորեն քննել անձի ազատությանն առնչվող հարցերը: Դա նաև բարձրացնում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը և հարգանքը։ Սա չափազանց կարևոր է նաև արդար դատաքննության իրավունքն ապահովելու իմաստով, քանի որ մեղադրյալի համար առնվազն տեսանելի պետք է լինի, որ իր գործը քննվում է ոչ թե պարզապես ձևական, այլ իրապես օրինական և արդար դատարանի կողմից:

5) կալանավորված մեղադրյալի բարձրաստիճան հոգևորական լինելը բնականաբար լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Չէ՞ որ, կալանավորելով հոգևորականին, պետությունը ոտնձգում է հավատացյալ ժողովրդի հոգևոր արժեքների դեմ, ուստի նրանց նկատմամբ հարգանքը նույնպես պարտավորեցնում է դատարանին հարգել նաև հավատացյալ ժողովրդի իրավունքներն ու հոգևոր արժեքներն ու պահանջմունքները և ցույց տալ, որ իրենց սիրելի հոգևորականի գործը քննվում է առավելագույնս թափանցիկ և արդար եղանակով: Այս պարագայում գործի քննությունը պարզապես իրավական հարց չէ, այլ ունի նաև խորը բարոյական և հանրային մեծ պատասխանատվություն…»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...