Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև. Քահանայից հավաքի հայտարարությունը

11 Հուլիսի, 2025

Քահանայից հավաքի հայտարարությունը.

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, գոհություն ենք հայտնում Երկնավոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբվելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելության շուրջ և աղոթք բարձրացնելու աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի և հայրենիքի համար։

Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով։

Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց Եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում։

Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը։ Անընդունելի է նաև կալանավորված Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից։ Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրված հավաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե քահանայից հավաքի ավարտին՝ ժամը 16:00-ին, իրավապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ, ինչն արդարորեն առաջ բերեց ամենքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամենամյա մեր հավաքի անցկացմանը։ Միքայել Սրբազանը Քննչական կոմիտե մեկնեց ինքնակամ։ Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։

Թշնամանքի և ատելության խոսքը, խտրականության քարոզչությունը և տարատեսակ բռնության կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կյանքին։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև։

Քաջ գիտակցելով Հայոց Եկեղեցու առաքելությունը մեր ազգի միասնականության պահպանման, հանրային համերաշխության կերտման և հայոց պետականության զորացման գործում՝ իբրև հոգևոր հովիվներ անսասան ենք մեր կոչման մեջ՝ ծառայելու Փրկիչ մեր Տիրոջը և Նրա կենսատու Սուրբ Ավետարանի քարոզչությանը, հայ ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը, ազգային անդաստանում տերունահաստատ ճշմարտության և արդարության պաշտպանությանը։ Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը։

Անդրդվելիորեն պիտի շարունակենք մեր ժողովրդի մեջ առատացնել հավատը, հույսն ու սերը, ամրապնդել հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցու, ազգային-հոգևոր արժեքների նկատմամբ, որոնց շնորհիվ, ինչպես դարերի հոլովույթում, կարող պիտի լինենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերը Իր Ամենախնամ Աջը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա՝ խաղաղ և անվրդով պահելով մեր հայրենիքը, աներեր և պայծառ՝ Իր Սուրբ Եկեղեցին։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։ Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի...

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․  «Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...

Ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս և մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են․ Արեգա Հովսեփյան

ՔՊ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր՝ մեր բոլորիս աչքերի առա, տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության...