Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»

20 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմեջ թուլացվում են հենց օրվա իշխանությունների ձեռքով։

Հայաստանի զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկա վիճակը, ինչպես երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում և ռազմավարական վերակառուցում ու վերակազմավորում։ Առաջիկայում Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա, եթե այս տեսանկյունից հետևություններ չարվեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացվող վերջին փոփոխություններն ու առաջարկները ոչ միայն ուղղված չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգվում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։

Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զավակներին ծառայությունից, ու էլի աղքատների հույսին էր մնում բանակը: Այո, հնարավոր է՝ կա նման բան: Բայց ստացվում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դեմ (ինչպես խոստացել էին այս իշխանությունները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթե հիմա գուցե շատ դեպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արվում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկվել՝ պայմանավորված իշխանությունների կողմից զինված ուժերի հատուկ թիրախավորմամբ, կադրային սխալներով, անարդյունավետ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայությամբ և զինծառայողների անվտանգության հետ կապված բազմաթիվ միջադեպերով։

Ամեն ամիս պարբերաբար հայտնվում են լուրեր ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած կամ մահացած զինվորների մասին՝ ոչ թե մարտական գործողությունների, այլ ներքին կարգապահության բացակայության, բախումների, անպատասխանատու հրամանատարության կամ բժշկական անփութության հետևանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։

Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։ Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի ուղեկցվում լայն հանրային քննարկմամբ։ Սա ցույց է տալիս, որ պաշտպանական ոլորտում որոշումները կայացվում են ոչ թե համաժողովրդական ներգրավմամբ, այլ ներքին կաբինետային պայմանավորվածություններով, որոնք չեն արտացոլում լայն հանրության կամքը։ Այս իրավիճակը հանգեցնում է վստահության ճգնաժամի խորացման՝ հատկապես այն պարագայում, երբ հասարակությունն արդեն իսկ կասկածում է պետական համակարգի թափանցիկությանն ու արդարությանը։

Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանության շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցությունը, որոշակի սպառազինություններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միևնույնն է, եթե բանակի ներքին կառուցակարգը չհզորացվի, պաշտպանունակության մակարդակի բարելավում չենք կարող ակնկալել։ Այն պետությունը, որն ի վիճակի չէ իր պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ձևավորել, իհարկե, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։

Վարվող անվտանգային քաղաքականության վերանայումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և ռազմավարական մտածողության վերադարձը պետք է դառնան օրակարգային հարց, քանի դեռ ուշ չէ։ Բանակը միայն սպառազինությամբ չէ, որ հզորություն է ապահովում. այն պետության ողնաշարն է, իսկ առանց առողջ ողնաշարի պետությունը անկայուն կառույց է՝ խոցելի բոլոր կողմերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...

Դեռ ամբողջովին գնահատված չէ այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

  «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության...

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր...