Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է. Իսպանիացի պատգամավոր

28 Ապրիլի, 2025

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի բնորոշմամբ՝ պատմությունը ցույց է տալիս, որ երբ զանգվածային հանցագործությունները մնում են անպատիժ և չճանաչված, դրանց կրկնության հավանականությունը մեծանում է։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական։

Իսպանացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան 110 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

Ինյարիտուն շեշտել է, որ Թուրքիայի սիստեմատիկ ժխտումը սոսկ վիրավորանք չէ զոհերի հիշատակին, այն հավերժացնում է անպատժելիության մշակույթը։

«Թուրքիան ինստիտուցիոնալացրել է ժխտողականությունը՝ որպես պետական ​​քաղաքականություն՝ համատեղելով պատմական ռեվիզիոնիզմը, դիվանագիտական ​​ճնշումը, տնտեսական սպառնալիքները և միջազգային լոբբինգի միջոցով լավ ֆինանսավորվող ապատեղեկատվության արշավները: Այս մոտեցումը խաթարում է ճշմարտությունը, խեղաթյուրում է ներկան և փակում հաշտեցման ցանկացած իրական ճանապարհ»,-նկատել է պատգամավորը:

Ինյարիտուն, պատասխանելով հարցին, թե նման պարագայում ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ բացի կոչերից ու հորդորներից, ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դուրս գա խորհրդանշական հայտարարություններից կամ քաղաքավարի դիվանագիտությունից։

«Միջազգային հանրության կողմից պահանջվում է ամուր և սկզբունքային դիրքորոշում՝ համահունչ միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական: Ավելին, պետք է բազմակողմանի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա՝ բացելու իր արխիվները, պատասխանատվությունը ստանձնելու և լիարժեք ու միանշանակ ճանաչման ուղղությամբ գնալու համար։ Կայուն խաղաղությունը կարող է կերտվել միայն ճշմարտությունից»,-նշել է պատգամավորը:

Նա նաև կարծիք է հայտնել այն հարցի շուրջ, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ Անկարայի կողմից այդ քայլի կատարումը կպահանջի ավելին, քան քաղաքական մոտեցումը։

«Ճանաչումը կպահանջի խորը մշակութային և ինքնության վերափոխում: Այդ առումով Հոլոքոստից հետո իր անցյալի հետ Գերմանիայի առճակատումը հզոր օրինակ է. միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ազնվորեն է առերեսվում իր պատմությանը, այն կարող է իրական ժողովրդավարական էվոլյուցիա սկսել: Թուրքիայի դեպքում դա նշանակում է ժխտման վրա հիմնված հիմնարար ազգայնականության ապամոնտաժում: Այն պահանջում է, որ թուրքական քաղաքացիական հասարակությունը, հատկապես երիտասարդ սերունդները, հաշտվեն այն փաստի հետ, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին ավելի քան 1,5 միլիոն հայեր, ինչպես նաև այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները և Պոնտոսի հույները, համակարգված կերպով բնաջնջվեցին: Խոսքը վերքերի վերաբացման մասին չէ, այլ այդ վերքերի ճանաչումն է՝ դրանց բուժելու նպատակով»,-ընդգծել է պատգամավորը:

Նա, այդուհանդերձ, հավելել է, որ Թուրքիայի ներկա քաղաքական մթնոլորտը, որը ձևավորվել է ավտորիտարիզմի, քաղաքական իսլամի և նեոօսմանյան պատմությունների հետևանքով, կարճաժամկետ հեռանկարում անհավանական է դարձնում նման ճանաչումը:

«Այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կհայտնվի այլ Թուրքիա՝ ավելի ժողովրդավարական, ավելի բազմակարծիք և ավելի պատրաստ՝ առանց վախի առերեսվելու իր պատմությանը»,-շեշտել է պատգամավորը:

Ջոն Ինյարիտուն նաև խոսել է ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների և այդ համատեքստում հայ-թուրքական երկխոսության վրա Հայոց ցեղասպանության հարցի հավանական ազդեցության մասին։

«Այն, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության մեջ են, ինքնին ողջունելի զարգացում է, հատկապես բևեռացման և դիվանագիտական ​​փակուղու գլոբալ մթնոլորտում: Փոխըմբռնմանն ուղղված ցանկացած ջանք, նույնիսկ եթե սկզբում ուղղված է եղել պրագմատիկ խնդիրների վրա, ինչպիսիք են սահմանների բացումը կամ տնտեսական կապերը, պետք է խրախուսվեն: Այդուհանդերձ, դժվար է պատկերացնել, որ Ցեղասպանության հարցն ակնառու կերպով հայտնվի այդ օրակարգում: Այս ողբերգությանն անդրադառնալը պահանջում է քաղաքական հասունություն, էթիկական վճռականություն և ինստիտուցիոնալ խիզախություն, որոնք, ցավոք սրտի, բացակայում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության մոտ: Այնուամենայնիվ, եթե երկխոսությունը ժամանակի ընթացքում պահպանվի և հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու բարեխղճության վրա, այն աստիճանաբար կարող է պայմաններ ստեղծել այս երկար պատմություն ունեցող խնդրին՝ Հայոց ցեղասպանությանն անկեղծ և կառուցողական մոտենալու համար»,-նշել է Ինյարիտուն։

Իսպանացի պատգամավորի բնորոշմամբ՝ Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանությունների մասին խոսելիս՝ «այլևս երբեք» արտահայտությունը պետք է լինի համընդհանուր գրավական, բայց շատ հաճախ այն դառնում է դատարկ կրկներգ:

«Հայկական դեպքը խորհրդանշական է. այն փաստը, որ Ցեղասպանությունը ժխտվել է ավելի քան մեկ դար, ստեղծել է վտանգավոր նախադեպ: Իսկապես զարգացած մարդկությունը պետք է ներդրումներ կատարի ակտիվ հիշողության, խիստ պատմական կրթության և անցումային արդարադատության մեջ՝ որպես մեր էթիկական հիմքի հիմնասյուներ: Միևնույն ժամանակ, հստակությունն էական է. ամեն հանցագործություն չէ, որ ցեղասպանություն է, և տերմինի մանրացումը խաթարում է դրա իմաստը: Սակայն, երբ մենք խոսում ենք համակարգված, ծրագրված և էթնիկ կամ կրոնական դրդապատճառներով բնաջնջման մասին, ինչպես դա եղավ հայերի դեպքում, չպետք է լինի արդարացում, հարաբերականություն: Նման հանցագործություններն անվանակոչելը սոսկ պարտականություն չէ անցյալի հանդեպ, այլ երաշխիք է ապագայի համար»,-եզրափակել է Ջոն Ինյարիտուն:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....