Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

8 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք): Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:

Յոթ տարի առաջ ունեինք հայկական երկու պետականություն. միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և միջազգայնորեն ընդունված ձևաչափով բանակցային գործընթացով ճանաչման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ի՞նչ ունենք 7 տարի անց. Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական է եղել ու պահպանել իր ինքնությունը, արդեն գրեթե 2 տարի է, ինչ հայաթափված է, լիովին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, թշնամին ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության բազմահազարամյա վկայություններն ու հետքերը:

Յոթ տարի առաջ միջազգայնորեն ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցության առարկա էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու դրա վրա խարսխված՝ ԼՂՀ ճանաչումը: Այսօր փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար արծարծվող «խաղաղության համաձայնագրում» անգամ անուղղակիորեն որևէ ակնարկ չկա Արցախի ու Արցախի հայության՝ սեփական բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքների մասին: Յոթ տարի անց «ունենք» այն, որ Հայաստանի իշխանավորները Արցախի հարցը համարում են փակված, ընդառաջում են ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ հանդես գալու թշնամական առաջարկին:

Յոթ տարի առաջ Հայաստանը ուներ «ռազմավարական խորություն», ուներ տարածաշրջանային սուբյեկտի որոշակի կշիռ ու արտաքին-քաղաքական ասպարեզում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ կապված հարցերին հետամուտ լինելու իրական հնարավորություններ: Փաշինյանի կառավարման 7 տարվա լրման կետում «ունենք» այն, որ Արցախը զավթած թշնամին իր մյուս հատվածից (Նախիջևանից) հեռու է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով, ըստ որում, շարունակաբար ու բացահայտ սպառնում է «միջանցի բացմամբ», այլ բառերով ասած՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի զգալի տարածքներ ռազմական ագրեսիայով գրավելուն ուղղված մտադրություններով:

Յոթ տարի առաջ Հայոց բանակը տարածաշրջանում իրավամբ համարվում էր ամենից մարտունակը: Փաշինյանի կառավարման հետևանքը. 2020-ին Հայոց բանակը ծանր կորուստներ է ունեցել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային, որը շատ ավելի ծանր ու ցավոտ է: Հազարավոր զինվորներ ու սպաներ Փաշինյանի իշխանությունը զոհեց 44-օրյա պատերազմում: Որևէ կերպ չի նկատվում, թե պարտությանը հաջորդած այս հնգամյակում Հայաստանի զինված ուժերը լրացրած լինեն այդ ծանր կորուստները: Հայաստանի բանակի ներկայիս վիճակի մասին ամենից ցայտուն ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ հայտարարում է, թե ոչ մի դեպքում ռազմական ուժի չի դիմի: Ու այդ ամենը՝ թշնամու չդադարող ագրեսիվ հռետորաբանության խորապատկերում: Մեր բանակի այսօրվա վիճակի երևի ամենից բնութագրական պատկերը երևում է Գլխավոր շտաբի պետի այն արտահայտությունից, երբ նա թշնամու վերահսկողության տակ անցած ռազմավարական բարձունքի հետգրավման առնչությամբ հարցին ի պատասխան ասել էր, թե թշնամին մի ամիս հետո կսովածանա ու կիջնի այդ բարձունքից…

Յոթ տարի առաջ Հայաստանի դատական համակարգն առանձնապես անկախ չէր:

Յոթ տարի անց Հայաստանի դատական համակարգը ամբողջապես դրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի «մտքերի տակ», կամքի տակ, իսկ ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս վարչապետի «sms»-ով:

Յոթ տարի առաջ կար քիչ թե շատ հստակություն ունեցող պետական կառավարման համակարգ: Փաշինյանի կառավարման 7 տարվա հետևանքներից մեկն այն է, որ պետական կառավարման համակարգը վերածվել է խառնափնթոր մի գոյացության: Յոթ տարի առաջ ունեինք մոտ 6 միլիարդ դոլարի պարտք, հիմա ունենք մոտ 13 միլիարդ դոլարի պարտք…

Յոթ տարի առաջ, լավ-վատ, բայց ունեինք հասարակություն, ներազգային որոշակի կոնսենսուս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդգրկմամբ: Հիմա նախ՝ Արցախը հայաթափված է, իսկ Սփյուռքը, Հայաստանը, առհասարակ հանրությունը՝ ներքուստ տարանջատված: Բայց ամենից ահավորն է, որ արդեն 7 տարի ունենք մի իշխանություն, որ ինքն է գեներացնում ու սերմանում ներքին թշնամանք ու ատելություն:

Յոթ տարի առաջ շատերին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու 4, 5, 10 տարի անց՝ իր և իր զավակների կյանքի ընթացքի հիմնական խնդիրները պլանավորելու, կառավարելու առումով: Հիմա՝ յոթ տարի անց, շատ-շատերի հիմնական մտահոգության առարկան այն է, թե ինչ է լինելու 1 օր, 2 շաբաթ կամ 3 ամիս անց, այն առումով, թե ինչ նոր աղետ են բերելու, ինչ մի նոր հարկ են մտցնելու կամ երկրի որ հատվածն են թշնամուն հանձնելու իշխանությունները:

Սարսափելի է, իհարկե, մտածել 8-րդ տարվա ամփոփման մասին: Բայց միգուցե չարժե՞ բանը դրան հասցնել: Վերջին հաշվով, Հայաստանը մեր երկիրն է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...