Ահագնացող է ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը. Թաթոյան

21 Ապրիլի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ` Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)։

Հայտնի է դարձել նաև, որ վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Մի շարք վայրերում բնակիչները տեղեկացրեցին, որ կրակոցները լսում և զգում են անգամ իրենց գլխավերևով դրանց սուլոցների ձայներով: Այցից անմիջապես առաջ կրակոցներից մեկի ժամանակ Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները:

Ահագնացող է Ներքին Հանդում ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը: Բանն այն է, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինված ուժերի տեղակայումներով: Փաստացի ադրբեջանական դիրքերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ տեղադրված և տեղադրվող ականները չափազանց մոտ են Ներքին Հանդի քաղաքացիական տներին. հեռավորությունը նույնիսկ քիչ է մի քանի հարյուր մետրից:

Այսինքն` կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով` նշելով, թե իբր դրանք թիրախային չեն:

Ադրբեջանական զինված ուժերը ականապատել են իրենց դիրքերի հարակից տարածքները՝ վտանգելով բնակիչների կյանքը և անվտանգությունը, նրանց գյուղացիական տնտեսությունները: Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ` ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա:

Փաստահավաք թիմը տեղեկացավ, որ, օրինակ, այցից մի քանի օր առաջ ականի պայթյունից սատկել են բնակիչների գյուղատնտեսական կենդանիները:

Այս անգամ արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը ոչնչացրել են Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցում տեղակայված հուշարձանը` նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին: Հուշարձանից մնացել է միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը մոտ մեկ ամիս է` ոչնչացված է: Շարունակում են զավթված մնալ ջրի աղբյուրները, գյուղի գերեզմանողը և հայկական եկեղեցին: Ադրբեջանական զինված ծառայողները ապօրինաբար հատել են հազարավոր ծառեր` ոչնչացնելով հատուկ պահպանության տակ գտնվող «Շիկահող» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, այդ թվում` Ներքին Հանդի քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ ապօրինաբար կառուցվել են և շարունակում են կառուցվել ռազմական ճանապարհներ:

Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին 2020թ. ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց և 2021թ. ներխուժումներից սկսած` խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լրջագույն սպառնալիքի ներքո է բնակիչների անվտանգությունը: Խախտված են մարդկանց մի շարք կենսական, այդ թվում` սեփականության, ազատ տեղաշարժի, ընտանիքի ապրուստը վաստակելու իրավունքները։

Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն, առանց այս իրավունքների խախտումները վերացնելով է հնարավոր վերականգնել մարդկանց անվտանգ ու բնականոն կյանքը»:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...