Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

7 Ապրիլի, 2025

Արցախի տեղեկատվական շտաբիի հայտարարությունը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ էր մնացել հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:

Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...