Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները

7 Ապրիլի, 2025

Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար։

Ասված է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարության մեջ․

«ՀՀ իշխանությունները և, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրենց տոտալ ձախողումները և հանցավոր անգործությունը բարդել ուրիշների վրա:

Ապրիլի 5-ին լրատվամիջոցներից մեկին տրված ԱԳՆ մեկնաբանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանություններն, իբրև թե, առավելագույն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանության համար՝ ընդհուպ 2024թ. հունվար ամիսը, բայց այդ «առաքելությանը» խանգարել են Արցախի իշխանություններն՝ իրենց մերժողական պահվածքով և սեփական նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունը լուծարելով:

Փաստերի նենգափոխման գործելաոճը նորություն չէ այս իշխանությունների համար: Միանգամայն ակնհայտ է, որ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ և առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022թ. հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն էր՝ ներառյալ Արցախը:

Հիմա արդեն կարելի է վստահաբար արձանագրել, թե ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի հայտարարությունը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» և ինչ աղետալի հետևանքներ այն ունեցավ Արցախի ժողովրդի համար:

Ինչ վերաբերվում է երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկություններով այդ հանդիպման չեղարկումը պայմանավորված է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին  ճիշտ կլինի, որ վերջապես խոսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթե խոսում ենք փաստերով, ապա առնվազն զարմանք է հարուցում, թե ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսված մեկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ինքնահեռացումը  նշված  բանակցային գործընթացից և միջազգային իրավունքի ոտնահարմամբ շրջափակման մեջ գտնվող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքյան պարարտ հող ստեղծեց Բաքվի առավելապաշտական և վերջնագրային դիրքորոշման համար:

Տարակուսանք է առաջացնում նաև իբրև թե Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի մեջբերումը, որի մասին պարբերաբար հիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել, և այն չէր կարող օրինական համարվել նախ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումների տեսանկյունից և ապա՝ միջազգային իրավունքի լույսի ներքո՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրված լինելով:

Վերջապես, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման և էթնիկ զտման միջոցով, ինչն արձանագրվել է միջազգային կառույցների ու մի շարք պետությունների, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում  ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման ուղղությամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտորեն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից և, փաստորեն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագա պայքարը արդարության վերականգման համար:

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի և կեղծիքի վրա հիմնված մանիպուլյացիոն հայտարարությունները, որոնք համահունչ են Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների դեմ մոգոնվող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար»:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...