ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։
Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ 100-ից ավելի ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ կան, միայն 28 իրավախախտումների դեպքերով են հանվում տուգանային միավորներ։
Նա հայտնեց, որ այս փոփոխությամբ 7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որպեսզի համարժեքությունը պահեն, 20 իրավախախտումների դեպքում տուգանային միավորները նույնն են մնացել։
Խաչատրյանը թվարկեց 7 իրավախախտումները, որոնց դեպքում բալերը բարձրացվել են՝
Ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտում. եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:
Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր
Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր
Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր
Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր
Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր
Մեքենա վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր
«Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո երկրորդ շարքում կանգնելու դեպքում 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչու հարբած մարդուն չեն զրկում մեքենա վարելու իրավուքնից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ սթափ վիճակում վարելու համար վարորդը մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից, բայց սահմանաչափ կա, այդքան օգտագործելու դեպքում տուգանք է, տուգանային միավորել էլ 4-ից դարձել է 5»։
Նա նշեց, որ նախագծի միտումն է՝ պետությունը հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով պետք է կարգավորի հասարակական հարաբերությունները։
«Եթե հնարավոր է նվազ վարչարարություն և հարկադրանքի միջոցներ կիրառելով հասնել ակնկալող արդյունքի, ուրեմն պետք է նվազեցնենք այդ հարկադրանքի մեխանիզմները։
Կարծում եմ՝ 13 բալի արդյունք էլ երթևեկության մեջ վատթարացում չենք ունենալու, ՃՏՊ-ների ավելացումներ չենք ունենալու»,- ասաց նա։
Ներկայացնելով վիճակագրություն՝ Ա. Խաչատրյանն ասաց, որ 2024 թվականին հաշվառվել է զոհերով և վիրավորներով 4,814 ՃՏՊ-ներ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6,116-ը։
«2023-ի համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 300-ով, զոհերի թիվը 45-ով։ Նման ցուցանիշ երբևէ չենք ունեցել»,- նշեց Ա. Խաչատրյանը։