Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի քանի տարիներին մշտապես ասում են, թե քննարկումների մեջ են, օպտիմալ տարբերակ են որոշում։
Խոսակցությունների կամ խոստումների սկիզբը
2008 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց շատ շուտով նոր ատոմակայանի կառուցումը սկսելու մասին։
2008 թվականի հայտաարարությունների համաձայն, նախատեսվում էր կառուցել մոտ 1060 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի արժեքը գնահատվում էր շուրջ 5 միլիարդ դոլար։ Ընդունվեցին որոշումներ, ստեղծվեցին համատեղ ձեռնարկություններ, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց, քանի որ այդպես էլ չգտնվեցին մասնավոր ներդրողներ, իսկ պետությունը չուներ նման հսկայական միջոցներ։ 2015 թվականին կառավարությունը Ռուսաստանից վերցրեց 270 միլիոն դոլարի արտոնյալ վարկ՝ գործող ԱԷԿ-ի 2-րդ բլոկի կյանքը երկարաձգելու համար։
Նոր իշխանություն, հին խոսակցություններ
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո վերակենդանացան խոսակցությունները նոր ատոմակայանի մասին։ 2020 թվականին, Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ռուսական վարկի մնացորդային մասից (մոտ 107 մլն դոլար) և չօգտագործված գումարը հետ վերադարձրեց։ Որպես պատճառաբանություն բերվում էին ռուսական կողմից մատակարարումների դանդաղումը և վարկի ժամկետների ավարտը, սակայն սա դարձավ Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը թուլացնելու առաջին քաղաքական ազդանշաններից մեկը։
Այս իշխանության գոյության 8,5 տարիների ընթացքում ամբողջ «գործընթացը» եղել է բացառապես հուշագրերի ստորագրում, հանձնաժողովների նիստեր, քաղաքական հայտարարություններ և տարբեր երկրների առաջարկների ուսումնասիրություն։Գետնի վրա նոր ատոմակայան ունենալու ուղղությամբ ոչ մի գործնական, տեսանելի կամ շոշափելի քայլ մինչ օրս չի արվել։
Ատոմակայանի մասին ամեն շաաբաթ կարծիք է հայտնում բոլորովին ոչ մասնագետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին տարիներին իշխանությունները հանրությանը համոզում էին, թե մեզ պետք է միայն փոքր մոդուլային ատոմակայան, ինչի շուրջ, իբրև, քննարկումներ են իրականացնում բոլոր հնարավոր կողմերի հետ, հատկապես՝ ամերիկյան։
Մասնավորապես՝ 2022-ի մայիսի 2-ին Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին քաղաքացիական միջուկային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Այն համագործակցության շրջանակ էր ստեղծում էներգետիկ անվտանգության, միջուկային գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում, բայց ինքնին չէր թույլատրում միջուկային տեխնոլոգիաների արտահանումը։
2024-ին հրապարակայնորեն հաստատվեց, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին այսպես կոչված 123 համաձայնագիր կնքելու համար։ Այն անհրաժեշտ իրավական հիմք է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների, սարքավորումների և նյութերի խաղաղ նպատակներով փոխանցման համար։
2025-ի հունվարի 14-ին հայտարարվեց ԱՄՆ-ի հետ 123 համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր, որը ներառում է նաև փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները, իսկ սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում քննարկվեցին նոր ատոմային էներգաբլոկի տեխնիկական, ֆինանսական և անվտանգության հարցերը։
Ամենը, սակայն, մնաց միայն քննարկումների, հուշագրերի և փոխըմբռնումների տիրույթում՝ այդպես էլ խոսքից գործի չվերածվելով։
Փոքր մոդուլային ռեակտորների փորձը
Այս ֆոնին հատկանշական է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր աշխարհի միակ երկիրն է, որն ունի փոքր մոդուլային ռեակտորների (SMR) արդեն իսկ գործող, փորձարկված և առևտրայնացված տեխնոլոգիաներ («Ակադեմիկ Լոմոնոսով», RITM-200N): Ռուսական «Ռոսատոմ»-ը նաև աշխարհում առաջատարն է խոշոր (1000–1200 ՄՎտ) ռեակտորների կառուցման փորձով և առաջարկներով: Մինչդեռ արևմտյան և ամերիկյան մոդուլային նախագծերի մեծ մասը, չնայած իրենց թղթային առաջադեմ դիզայնին, դեռ գտնվում են լիցենզավորման, սերտիֆիկացման կամ փորձարկման փուլերում:
Այս պայմաններում, երբ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կենսականորեն կախված է ատոմային ոլորտում իրական փորձ ու տեխնոլոգիա ունեցող միակ ռազմավարական գործընկերոջից, Փաշինյանի իշխանությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական վատթարացման ու քաղաքական դեմարշների ճանապարհով։ Հրաժարվելով ռուսական վարկային ծրագրերից, տարբեր հարթակներում արևմտյան անորոշ խոստումներին հետևելով և Մոսկվայի հետ կապերը խզելով՝ իշխանությունները Հայաստանին կանգնեցնում են տեխնոլոգիական և քաղաքական խնդիրների առաջ։
Ոչ մասնագետ Փաշինյանը, որ մինչ այս խոսում էր մոդուլային ատոմակայանների մասին, օրերս հայտարարեց, թե մոդուլային ատոմակայանը Հայաստանին «չի հերիքի», և պետք է մտածել կրկին 1000 ՄՎտ-անոց խոշոր կայան կառուցելու մասին: Այս անվերջանալի քաղաքական տատանումները, «այսօր մոդուլային, վաղը՝ մեծ բլոկ» ոճի հայտարարությունները ցույց են տալիս հստակ հայեցակարգի իսպառ բացակայությունը։
Ե՞րբ կլինի նոր ատոմակայանը և կլինի՞, արդյոք
Փաստացի՝ նոր ատոմակայանի մասին խոստումներից 18 տարի անց փաստենք, որ անգամ կառուցման տեղը հայտնի չէ։Ամբողջ գործընթացը սահմանափակվել է միայն հայտարարություններով, հուշագրերով, աշխատանքային խմբերով ու իրարամերժ խոսույթներով։
Եթե իրավիճակին նայենք վերջին 18 տարիների փաստացի անգործության ու ձգձգումների տեմպերով, ապա պատկերը աղետալի է․ ատոմային ոլորտի համաշխարհային չափանիշներով, եթե նույնիսկ այսօր կայացվի վերջնական որոշում, միայն նախագծումը, տեղանքի ուսումնասիրությունը, ԱԵՄԳ (IAEA) լիցենզավորումն ու ֆինանսավորման հայթայթումը տևելու են 4-6 տարի, իսկ բուն շինարարությունը՝ 7-10 տարի: Այսօրվա դանդաղկոտության, քաղաքական վեճերի և ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու պայմաններում Հայաստանը նոր ատոմակայան իրապես կարող է ունենալ 2040–2045 թվականներից ոչ շուտ, եթե ընդհանրապես կարողանա կառուցել։
Գործող Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ընթացիկ արդիականացմամբ հնարավոր է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Սա նշանակում է, որ եթե առաջիկա 1-2 տարում բուն շինարարության առաջին քարը չդրվի, 2036 թվականին, երբ գործող ԱԷԿ-ը ստիպված լինեն փակել, Հայաստանը պարզապես կմնա առանց ատոմակայանի։ Հայաստանը նոր ատոմակայանը պետք է կառուցի ոչ միայն ապագա պահանջարկը բավարարելու, այլև գործող կայանի արտադրության դադարեցումից առաջ դրա փոխարինումը կազմակերպելու համար։ Եթե նոր բլոկը պատրաստ չլինի մինչև գործողի շահագործման ավարտը, առաջանալու է էներգետիկ բաց։
18 տարվա անգործության, դատարկ խոստումների և Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու արդյունքում երկիրը սլանում է ուղիղ դեպի անկախության կորուստ, սակագների թանկացում և էներգետիկ կոլապս։
Մեկ այլ հարց է՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը չի գնում հարևան՝ ոչ բարեկամ երկրների պահանջների բավարարման ճանապարհով, այն է՝ ատոմակայանի փակում կամ առնվազն ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի բացակայություն։






