ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Ինձ են դիմել ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչներ՝ ահազանգելով, որ իրենց համար ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ։
Ինչպես հայտնի է, 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների անտոկոս մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան սահմանվել է 8000 տրանսպորտային միջոցի մասով։
ՀՀ կառավարության որոշմամբ, 8000 քվոտայից 3000-ը կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների, իսկ 5000-ը՝ 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Սակայն, վիճակագրությունն ու փաստերը խոսում են այլ իրականության մասին։ Վերջին 2 ամսում սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք առանց մաքսավճարի ներմուծել են էլեկտրական շարժիչով շուրջ 5000 տրանսպորտային միջոց, իսկ պաշտոնական դիլերները՝ 400։
Ստացվում է, որ ավտոներկրողներին 1 ամսվա համար անհրաժեշտ է 2500 քվոտա, իսկ պաշտոնական դիլերներին՝ 200։ Վերջինները, շատ հաճախ, անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր կնքելու փոխարեն ներկրում են ավտոմեքենաներ ֆիզիկական անձանց անունով կամ ՍՊԸ-ներ բացելով։
Փաստորեն, ավտոներկրմամբ զբաղվողները շարունակում են վճարել մաքսատուրքեր և ստիպված են լինում ավելի թանկ վաճառել ներմուծվող տրանսպորտային միջոցները՝ հայտնվելով ոչ մրցունակ միջավայրում։
Տրամաբանական կլինի, եթե վերանայվի քվոտաների բաշխումը։ Օրինակ, մարտ ամսվա համար դիլերներին հատկացվի ևս 200 քվոտա, իսկ մնացածը, որը մոտավորապես 2400 քվոտա է կազմում, հատկացվի ֆիզիկական անձանց։
Նշեմ, որ վերջիններիս կողմից ներմուծվող հարյուրավոր տրանսպորտային միջոցներ արդեն իսկ ճանապարհին են, և այս որոշումը չվերանայելու պարագայում ավտոներկրողները ստիպված են լինելու վճարել բարձր մաքսատուրքեր։
Քվոտաների արդարացի վերաբաշխումը որոշ չափով կմեղմի ստեղծված արհեստական գնաճը և հնարավորություն կտա ավտոներկրողներին աշխատել ավելի մրցունակ, բարենպաստ պայմաններում»։