07 05 2020

Իսկ տիկին Նազարյանը ստատուս գրելուց առաջ պատմությունը կարդո՞ւմ է

Իսկ տիկին Նազարյանը ստատուս գրելուց առաջ պատմությունը կարդո՞ւմ է

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ «մի շատ կարևոր էջ է շրջվում» և կառավարության ջանքերով բազմաթիվ մարդկանց բնակարանային խնդիրն է կարգավորվում։ Կետերից մեկը հետևյալն է․ «Երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված ևս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ»:

Լենա Նազարյանն ամփոփում է․ «Անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր»:

Իհարկե, կուզենայինք, որ տիկին Նազարյանը որևէ թեմայից և առավել ևս՝ երկրաշարժից ու հետևանքներից, մի փոքր գլուխ հաներ, որպեսզի կարողանայինք հարց ուղղել իրեն։ Բայց եթե գրառում է արել, ուրեմն, այնուամենայնիվ, մի բան կարդացած կլինի։ Եվ ուրեմն, կուզենայինք հարցնել, հարգելի տիկին Նազարյան, արդյո՞ք Երկրաշարժի հետևանքով ընդամենը 453 ընտանիք էր անօթևան մնացել։ 1988-ի երկրաշարժից տուժել էին 5396 ընտանիք, անօթևան էր մնացել 514 հազար մարդ։

Ինչպե՞ս է ստացվում, որ տասնամյակներ շարունակ  երկիրը կեղեքվում էր և անարդարություն էր հաստատվում, սակայն 2018 թվականին իշխանության եկածներին մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ 

Ի դեպ, փաստերից մեկը նաև իշխանափոխությունից հետո քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահի խոսքն է․«2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»:

Իսկ 1998-2007 թվականներին միայն Շիրակի մարզում կառուցվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը Աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Իսկ ընդհանուր Աղետի գոտի համարվող՝ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք, 3674 բնակարանով։

Ավելին նշենք, Նիկոլ Փաշինյանը, խուսափելու համար բնակարանով ապահովելու խնդրից կամ որ ավելի ճիշտ է ասելը՝ ձեռքերը լվանալով, հայտարարեց, թե՝ պետությունը ոչ բոլորի նկատմամբ ունի բնակարանով ապահովելու պարտավորություն։ Փաշինյանը ասաց հետևյալը․

2019թ․ դեկտեմբերի 7․ «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։

2019թ․ դեկտեմբերի 6․ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ պետությունն ունի պարտավորություն․․․»:

2019թ․ սեպտեմբերի 16․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։

Ու սա դուք համարում եք պատասխանատու մոտեցո՞ւմ։

Խնդիրն այն է, որ այս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում կատարել մի աշխատանք՝ առանց նախկիններին փնովելու։

Ի դեպ, տիկին Նազարյան, քա՞նի բնակարան էր հնարավոր գնել ոչ մի բանի համար պետբյուջեից դուրս գրած 50 մլն դոլար պարգևավճարի գումարով։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ