29 04 2020

Մեզ դատի են տվել

Մեզ դատի են տվել

Yerevan.Today-ին դատի են տվել։ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որի հրաժարականը բազմիցս քննարկվեց, դատի է տվել ու գումար է պահանջում՝ իր մասին հրապարակված զույգ նյութերի համար: Ըստ երևույթին, նեղված է իր նկատմամբ մեր ուշադրությունից։ Հավանաբար, փորձում է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքներն այս փուլում մեր միջոցով հաղթահարել։ Իհարկե՝ կարող էր հենց այդպես ասել՝ 2 միլիոն դրամ գումար եմ խնդրում, կարո՞ղ եք տալ։ Ավելի լավ տարբերակ կլիներ, քան մյուս՝ հաթաթայի ճանապարհով գնալը, որը նրան ոչինչ չի տալու՝ ծայրաստիճան անհիմն գործի պատճառով։ Կամ էլ, ո՞վ գիտի, բա որ գործը հասավ որևէ վնգստացող դատավորի՞։ Տիկինը սովոր չէ, որ իր անձին այդչափ ուշադրության են արժանացնում մամուլում, դուր չի գալիս մեր փորփրելը, և կարծես թե մտածում է որ այդպիսով կմոռացվի կամ զգուշորեն կանդրադառնանք իրեն մենք և մամուլի այլ ներկայացուցիչները: Բայց մի բան մոռանում է՝ մամուլի գործը հենց դա է՝ ուսումնասիրել, համադրել փաստերն ասեկոսեների հետ, եզրակացություններ անել՝ ազատորեն, վարկածներ առաջ բերել և նույնպես ազատորեն ներկայացնել հանրությանը: Այլապես, էլ ինչի՞ համար է մամուլը, եթե այդքանը չի անելու, պաշտոնական հաղորդագրություններ տեղադրելո՞ւ:

Արևիկ Անափիոսյանը միակը չէ, ցավոք, որ ազատ մամուլի դեմ է դուրս եկել, որովհետև, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, մամուլն ամենայն ուշադրության տակ է պահում հանրային ներկա և նախկին ծառայողներին, և դա, ինչպես որ ամբողջ աշխարհում է, իրենց դուր չի գալիս։ Իրականում ուրախ ենք, ուրեմն՝ ճիշտ ուղու վրա ենք:

Եվ այսպես, պարզվեց մեր վրա ատամ ունի անգամ ԲԴԽ-ն, որը դիմել է դատախազություն՝ կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի՝ Yerevan.Today-ում և «5-րդ ալիքում» համատեղ հեռարձակվող «Կարճ ասած՝ Սևակ Հակոբյանի հետ» հաղորդման տեսանյութում դատավոր Աննա Դանիբեկյանին անդրադառնալու համար, վիրավորվել են ինչ-որ արտահայտություններից, որոշ արտահայտություններ էլ համարել են բժշկական գաղտնիքի բացահայտում։ Սա էլ է անհեթեթ, իհարկե։ Ասում են՝ հո մենք չե՞նք դիմել քրեական գործ հարուցելու համար, հրավիրել ենք դատախազության ուշադրությունը։

Իհարկե, դժվար թե Նիկոլ Փաշինյանի դատախազությունը ուսումնասիրի Yerevan.Today-ի վերաբերյալ հաղորդումը ու մեզ մեդալ տա այն գործի համար, որը հաճույքով կաներ նույն Փաշինյանը, եթե, իհարկե, իշխանության չլիներ։ Ի դեպ, դատախազությունն էլ իր հերթին դիմումն ուղարկել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Զուր աշխատանք, որը, սակայն, թե՛ նրանցից ժամանակ ու էներգիա կխլի, թե՛ մեզանից։ Այս անգամ, ի տարբերություն նախորդ դիմումատուի, դեռևս տիկին Դանիբեկյանի բժշկական միջամտության գումարը մեզանից չեն պահանջել։

Մեր դեմ բորբոքվել էին ինչ-որ բժիշկներ ու սպառնում էին հայցով (եթե, իհարկե, դեռ դատի չեն տվել)։ Նրանք էլ դժգոհում են, որ բացահայտել ենք կորոնավիրուսի վերաբերյալ թաքցվող ճշմարտությունը՝ նյութ հրապարակելով։ Նյութը, ի դեպ, ո՛չ առողջապահության նախարարությունն է հերքել, ոչ էլ պարետատունը, այսինքն՝ ճի՛շտ է։

Ազդակներ ենք ստանում ազգընտիր երեսփոխաններից, որ մանրադիտակով քննում են գործ տալու հավանականությունը, կարծեմ դեռ չեն գտել։ Չեք էլ գտնի, դուք մեր հետաքրքրությունից դուրս եք: Բայց ընթերցեք, կարող է սովորեք ինչ-որ բան։ Երեսփոխաններից ոմանք էլ առիթը բաց չեն թողնում ասելու համար, որ շատ կարևոր գործ ենք անում և մաղթում են պինդ լինել: Դուք էլ ապրեք, համարում ենք, որ անկեղծ եք: 

Անգամ տեղեկություն ենք ստանում, որ գործընկեր լրատվամիջոց կա, որ ևս մտածում է մեզ դատի տալու մասին։

Ամենժամյա ռեժիմով ստանում ենք զանգեր, ֆեյսբուքյան նամակներ՝ լեցուն սպառնալիքով և ախմախ գրառումներով։ Մի մասը զոմբիներ են, մի մասը ֆեյքեր, մի մասը՝ մոլորյալ հպարտ-դուխովներ։

Ժողովո՜ւրդ, թուլացե՛ք։

Ընդամենը վեցամյա գործունեության ընթացքում շատ բաներ ենք տեսել՝ մշտապես հանդես գալով ազատ մամուլի դիրքերից։ Մեզ չի կարող կաշկանդել որևէ դատական գործ, որևէ նեղված ներկա ու նախկին չինովնիկ, որևէ զոմբի կամ այլ մեկը։ 

Ի դեպ, ուրախ ենք տեղեկացնել, որ կայքի ընթերցողների թիվը շատանում է իշխանության հեղինակության անկմանը զուգընթաց։ Մարդիկ շնորհակալություն են հայտնում, մի մասը՝ աչքերը բացելու համար, մի մասը փնտրում է ընդդիմադիր նյութեր և այդ ճանապարհին անպայման մուտք գործում մեր կայք, մի մասը պարզապես իրականությունն առանց գունավորման ներկայացնելու համար։

Այն հետաքրքրությունը, որ ձևավորվել է կայքի շուրջ, միանգամայն հասկանալի է։ Մենք շարունակելու ենք նույնկերպ՝ հետաքննելով, վերլուծելով, քննադատելով, փաստերը համադրելով՝ իրողությունները ներկայացնել, ինչը և անում էինք մինչ այժմ։ 

Դա մեր գործն է: Մնում է դուք պարզեք՝ ձեր գործը ո՞րն է: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ