11 10 2023

«Կարճ ասած»․ Այս 5 բանը ունենք հա՛մ մենք, հա՛մ հրեաները, բայց․․․



Ինչո՞ւ հիմա սկսեց իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմը, այդ ինչպե՞ս ՀԱՄԱՍ-ը կարողացավ ճեղեքել իսրայելական պաշտպանությունը, ո՞ր երկրները կմտնեն բացահայտ և կուլիսներից խաղի մեջ, պատերազմը կարո՞ղ է տեղափոխվել մեր հարևանությամբ, արդյո՞ք Ուկրաինայից ուշադրությունը կթեքվի և այլ հարցերի չեմ անդրադառնա՝ թողնելով մասնագետներին, չնայած ունեմ իմ դիրքորոշումը։ Կանդրադառնամ Հայաստանի և Իսրայելի միջև համեմատականներին, մանավանդ որ մեր պաշտոնյաները կյանքի կառավարման տարբեր փուլերի մասին անընդհատ Իսրայելին են օրինակ բերում, իսկ մեր ժողովուրդն էլ, ընդունված է ասել, որ ամենախելոքն է, իսկ հետո՝ հրեաները։

Ժողովուրդ ջան, ուզում եմ համեմատենք մեր ու Իսրայելի՝ պետության ամրապնդման մի քանի հիմնասյուն։ Ի՞նչ կարևոր գործոններ ուներ Հայաստանը․ ուներ բանակ, որը տարածաշրջանում տոն տվող էր, ուներ երկրորդ հայկական կայացած պետություն, որը ձեռք էր բերել այո՛, արյունով, հակամարտության արդյունքում։ Սփյուռք՝ ամբողջ աշխարհով։ Ուներ համաշխարհային մակարդակի հզոր ռազմավարական դաշնակից, որից օգտվում էր, ստանում ամեն բան, հիմա էլ, դեռ ստանում ենք՝ սկսած ցորենից, վերջացրած գազ ու բենզինով, զենքով․ ո՞ր մեկն ասեմ։ Մեկը ստանում ենք էժան, մյուսը շատ ավելի էժան, քան համաշխարհային գներն են և այլն, չխորանամ, գուցե մի օր անդրադառնամ, հիմա չէ։ Մեր պետությունը անգամ Ցեղասպանության հարցով,  միջազգային արենայում գործոն էր, մեր պայքարին անգամ դա կշիռ էր տալիս։ Վերջապես՝ ատոմակայանը։

Կարող եք այլ գործոններ ևս հաշվել․ ես հաշվել եմ 6-ը։ Վերջին մի քանի տարում Հայաստանի իշխանութան «շնորհիվ» այս գործոնների մի մասը վերացվել է, մյուսները վերանալու ճանապարհին է։ Մեր բանակը, որը զորահանդեսներին էինք տեսնում-հպարտանում, Եռաբլուրում ենք տեսնում՝ զինվորներին ուղիղ, կառույցը՝ փոխաբերական իմաստով այդտեղ է։ Չոհված զինվորների մեծ մասը ծառայել էր սխալ կամ վատ պայմաններում, վառվում էր կացարաններում, ոչ նորմալ զինվում էր, ոչ նորմալ դիրքեր են կահավորել պատերազմից հետո, ոչ էլ ցանկություն ունեն, քանի որ էնքան են ընկած տալով, զիջելով, հանձնելով, որ էլ չգիտեն մեր դիրքը որն է, որ կահավորեն, կամ ոչ։

Երկրորդ հայկական պետությունը հանձնել են։

Սփյուռքի հետ հարաբերությունները էն աստիճանի են լարված, որ անգամ նրանց ամենից ակտիվների մուտքը արգելված է։

Ռազմավարական դաշնակի՞ց․․․ երբեմնի ռազմավարական դաշնակցի հետ տեղեկատվական, դիվանագիտական, քաղաքական պատերազմի մեջ ենք։

Ցեղասպանության հարցն էլ, որով կարող էինք շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա,  հանել են բոլոր օրակարգերից ու ասում՝ դա Սփյուռքի գործն է։

Եվ վերջապես՝ ատոմակայան, որի փակումը, ոչ միայն խիստ հավանական է, այլ տեսանելի՝ հաշվի առնելով այս իշխանության մոլուցքը՝ բավարարել ադրբեջանա-թուրքական բոլոր նպատակները։

Ինչո՞ւ մենք պարտվեցինք պատերազմում․ եթե դեռ այդ հարցը ձեզ հուզում է, պատասխանը, նաև այս գործոնները չեզոքացնելու, քանդելու մեջ է։

Գանք Իսրայելին․ այս 6 գործոնից ունի 5-ը՝ բանակ, Սփյուռք, ցեղասպանության հարց, ատոմակայանի փոխարեն ատոմային զենք, որը 24 ժամում կպատրաստի, ռազմավարական դաշնակից՝ իհարկե ունի։ Չունի երկրորդ պետություն։ Այսինքն՝ դա մեզ համար մի լուրջ բոնուս էր, որը չունի ու դժվար էլ ունենա Իսրայելը, իսկ մենք ունեինք, որը հանձնեցին թշնամուն։

Իր այդ որոշիչ գործոնների հետ ինչպե՞ս վարվեց Իսրայելը, մինչ հայտնվելը դարձյալ պատերազմի մեջ․

Վերջին եկած իշխանավորը բանակի բարեփոխումը չդարձրեց ելակ ունենալ-չունենալու մակարդակի, դրան զուգահեռ պատերազմ հաղթած գեներալներին չսարքեց ցորեն գողացող մուկ, բարեփոխմամբ՝ բանակը դարձրեց տեխնոլոգիապես առաջատար, որով էսօր այնքան մարտունակ է, որ միանգամից երեք երկրի է հետ է պատերազմում։

Իսրայելի վարչապետը, պատերազմի ընթացքում չմտավ ուղիղ եթեր՝ ասի ով կասկա ու զրահաբաճկոն ունի տանը վերցրեք եկեք պատերազմ, կամ ընկերներով ջոկատներ կազմեք, ինքներդ ձեզ ընտրեք հրամանատար ու նմանատիպ ցնդաբանություններ, որը մենք ենք տեսել։ Իսրայելում պատերազմի հենց երկրորդ օրից օգնություն չեն հանգանակում ամբողջ աշխարհի հրեաները։

Հա, ի դեպ, Պաղեստինն էլ չի ասում Գազան հանձնենք՝ լավ ապրենք, չնայած որ աղքատ է ու շատ ավելի թույլ զինված։ Թշամուն ոչ թե հանձնելու, այլ նվաճելու քաղաքականություն ունի, վստահ կարող ենք լինել, ցանկացած ելքի պարագայում դա ևս կմնա։ Եթե մի հրեա ասի՝ ինչի՞ պտի մեր երեխեքը գնան Գազայի համար զոհվեն, նրան վստահ եմ կմեկուսացնեն, կպատժեն, առհասարակ նման խոսույթ չեմ հանդիպել, ի տարբերություն մեր իշխանության կողքին ծվարած լիբերալ պացիֆիստների, իսկ իրականում թշնամու երգ երգողների։ Ինչ որ չեմ տեսել, որ Իսրայելի իշխանությունները անդադար ուր նստեն ինքնիշխանությունից խոսեն, կասկածի տակ դնեն․ սրանք սաղ օր դրանից են խոսում, ոնցոր ուզածները դա լինի։

Հրեական Սփյուռքն ամենակազմակերպվածն է, միասնականն է, կապված մայր հայրենիքի, իրենց պետության հետ՝ գրեթե իրենց մարմինների անոթներով։

Հրեաների ցեղասպանության հարցը Իսրայելը ոչ միայն օգտագործում է, այլև, որքան կարող է՝ շահարկում, շանտաժ անում, երեսով տալիս ու սարքել է անգամ պետության եկամտի աղբյուր։ Կոպիտ եմ ասում, թող ներեն ինձ։ Եթե Իսրայելի վարչապետն ասի՝ Հոլոքոստը մենակ դրսում ապրող մեր հայրենակիցների գործն է, գիտե՞ք՝ հերը կանիծեն, մեկ րոպե ավել էլ չի կարող այդեսակ բարձր պաշտոն զբաղեցնել։ Ռազմավարական դաշնակից Միացյալ նահանգների հետ հարաբերությունները այն մակարդակի են, որ հենց երկրորդ օրից սկսած՝ զենք, փող է, որ ուղարկում է։ Իրենց անվտանգության երաշխավորը Ամերիկան է, ինչպես որ մինչև էս վերջերս Հայաստանում Ռուսաստանն էր։ Դուք Իսրայելում հակաամերիկյան ցույց վերջին 50 տարում հիշո՞ւմ եք, մի հակաամերիկյան պաշտոնյա հիշում ե՞ք, իսկ ի՞նչ եք կարծում, առհասարակ, հնարավո՞ր է այդպիսի բան։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ օրինակ Իրանի վրա աշխատած մարդը նշանակվի Իսրայելի բարձր պաշտոնյա։ Կարո՞ղ եք մի հոգու անուն տալ, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան դեմը բողոքի ակցիա անի, Ամերիկայի դրոշ վառի ու մի օր նշանակվի Իսրայելի ԱԺ՝ Քնեսեթի նախագահ, մյուսը՝ փոխնախագահ, կամ օրինակ, վարչապետ Նեթանյահուի աշխատակազմի ղեկավար, նախարար, պառլամենտական իշխող խմբակցության ղեկավար, վարչապետի խոսնակ և այլն։ Կարո՞ղ եք Իսրայելում մեկ պաշտոնյայի օրինակ բերել, որ Իսրայելի թշնամի երկրում, օրինակ՝ Իրանում, դասընթացների մասնակցի հեղափոխությունների թրեյնինգի։ Կարո՞ղ եք Իսրայելում մեկ իշխանական դեպուտատ ասել, որը Իրանում Նովրուզ է նշել։ Իսրայելցիները արդյո՞ք կարող են կասկածել, որ իրենց արտաքին գործերի նախարարը թշնամու շպիոն է, կամ հավաքագրված է եղել։ Ընդհակառակը՝ Իսրայելը այլ երկրների, օրինակ՝ Սիրիային տարիներ առաջ հաղթեց այդ երկրում բարձրաստիճան պաշտոնյա ագենտ ունենալով։ Իսրայելը ամուր է ինքն իրենով, իր դաշնակիցներով, որովհետև չի թողնում իր դաշնակիցների, իր հենասյուների արանքը մի հատ ասեղ մտնի, հասկանում է, որ կքայքայվի։ Իսրայելում հակաիսրայելական կամ իրանասեր, կամ սիրիասեր ու նրանց հետ զիջուների գնով բարեկամության ձգտող ուժ դեռ իշխանությունը չի վերցրել, դրա համար էլ այսպես է, ոչ թե մեզ պես։

Հայաստանում ե՞րբ քանդվեց ռազմավարական դաշնակցությունը․ էն պահից, կարծում եմ, երբ մեր երկրում հեռուստաեթերում սկսեցին ասել, որ ոնցոր էդքան էլ բարեկամ չէ Ռուսաստանը, երբ թույլ տրվեց եթերում սկսել քննարկումները, թե որն է ավելի լավ՝ թուրքի դռան շուն, թե ռուսի սապոգ, ռուսներն բարեկամներ են, թե Սպիտակ ցեղասպանող՝ չնայելով նրան, որ սահմանին մեր ու իրական ցեղասպանող պետության արանքում հենց նրանք են կանգնած։ Մեր անվտանգությունը, այո, թուլացավ այն ժամանակ, երբ ՔՊ-ականները, դեռ իշխանություն չեկած՝ հակառուսական ցույցեր էին անում, դրոշ էին վառում ու սերմանում, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ առաջին հերթին հենց այդ գերհզոր պետությունն է և պետք է այլ կողմ թեքվել։ Էդ սաղ տեսնում էին հա՛մ թուրքերը, հա՛մ ադրբեջանցիները ու ասում էին՝ այ ռուսներ ջան, եկեք իրար հետ մոտիկություն անեննք, հայերը ձեզ քցում են։ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում ասում է՝ պետք է հասկանաս, որ պատերազմ սկսի՝ ովքեր են լինելու քո հակառակորդների դաշնակիցները։ Նոր է հասկանու՞մ․ դժվար թե։ Ի՞սկ հասկացե՞լ է, որ կարևոր է քո դաշնակիցներին էլ ոչ միայն իմանաս, այլ նաև իրենց հետ զգույշ լինես, ազնիվ լինես, չֆռռացնես, ուրիշների, էլ չասեմ՝ քո դաշնակցի հակառակորդների խելքին չընկնես, որովհետև․․․ Որովհետև հետևդ ժողովուրդ կա, մարդիկ, որոնք շատ բան չեն հասկանում, իսկ դու պարտավոր ես հա՛մ հասկանալ, հա՛մ նրանց համար պատասխանատվություն կրես, ոչ թե էքսպերիմենտներ անես․ դե չստացվի՝ չստացվի․․․ Այդ ամենը արժենում են կյանքեր ու, տարածքներ, անկախություն։ Նա գիտեր, չէ՞, որ Ադրբեջանի դաշնակիցը առնվազն Թուրքիան, Իսրայելը, Պակիստանն են, բայց էս ամենով հանդերձ՝ մեր ռազմավարական դաշնակիների հետ, որքան կարողանում՝ փչացնում էր հարաբերությունները՝ տեղն էլ չբերելով այլ՝ ավելի ազդեցիկ դաշնակցի։

Ախր, ու՞մ պիտի բերեր, ո՞նց բերեր, ո՞վ կգար, Ամերիկա՞ն, նա Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, ո՞նց կգար, գար Թուրքիայի դեմ կռվեր, մեզ համա՞ր, լու՞րջ։ Թուրքիայի ու նրա փոքր եղբոր շահերին դեմ դուրս գար, որ ի՞նչ ստանար, ազդեցություն մեկ փոքր ու անխելք, իր դաշնակցին երեկ չէ առաջի օրը գցած պետությա՞նը։ Տենց պրիմիտի՞վ ենք պատկերացրել։ Թե՞ պատկերացրել ենք, որ այդ հզոր որևէ պետությունը, դաշնակիցը, կարող է այսօրվա աշխարհում որևէ մեկ այլ երկրի ուղղակի հայտարարությունով կանգնեցնի։ Հլը տեսեք ինչ է կատարվում, ո՞վ է ում լսում, բոլորը բոլորի վրա թքած ունեն, ամենքը իր շահերն է առաջ տանում, աշխատում են միայն ամուր, դաշնակցային, իրար հետ մեկտեղված կապերը և վերջ։

Ասենք դու բակ ես դուրս գալիս, մարդամեջ մտնում․ քեզ ինչի՞ են բանի տեղ դնում, հարգում, հետդ շփվում․ որովհետև, օրինակ՝ դու խելացի ես, ազնիվ ես, կամ ուժեղ ես, պետք եղած տեղը կռիվ տվող ես, գիտեն՝ մի բան էն չասեն՝ քիթ ու մռութ կջարդես, ունես ընկերներ, ով քեզ հարգում է, ում դու ես հարգում, գիտեն որ եթե դու էլ չկարողանաս քիթ ջարդել, ընկերդ կջարդի, հետդ կլինի, ինչպես դու ես իր հետ լինում, պետք եղած տեղը։ Հիմա որ սաղ իմանան, ընկեր չունես, ում հետ էլ շփվում ես իբրև ընկեր, ընկեր չես համարում, ինքն էլ գիտի որ էդպես է, ֆորմալ բարևում անցնում եք, հետն էլ խառնակչի համբավ ունես, գործ տվողի, լացկանի, բակի տղերքը քեզ ինչպե՞ս կվերաբերվե՞ն, ինչի՞ տեղ կդնեն։ Ես չասեմ, դուք ինքներդ մտածեք։

Կարճ ասած՝ ՔՊ-ն մսխել է մեր անկախության ձեռբերած բոլոր ռեսուրսները ու հիմա մեր երկիրը դարձել է մի օրգանիզմ, որի մարմնի բոլոր կարևոր մասերը չեն գործում, միայն թեթև բաբախում ա սիրտը։ Նիկոլն ի՞նչ էր ասում վերջերս, ասում էր պետություն ունենալը շատ թանկ բանա։ Իսկ գուցե մտքիներին էն ա, որ ազատվե՞ն նաև այս ավելորդ ծախսից։ Ինչի՞ ունենանք պետություն, որ պատասխանատվություն կրենք, հենա ապրենք ուրիշի ենթակայության տակ, թող ինքը կրի էդ ծանր բեռը։ Ահա թե ինչու ենք մենք այս վիճակին, ժողովուրդ ջան, իրենց մտածելակերպն է այդպիսին, մի զարմացեք։ Թե ինչու այնպես արեցին, որ մենք կորցնենք մեր պետության ամրապնդման հիմնական գործոնները, չգիտեմ։ Երևի ամեն բան բեռ է իրենց համար, նոր են հասկացել, որ ծանր ու պատասխանատու բան է պետություն ղեկավարելը, փաբում գարեջուր խմել չէ, ուրիշի հաշվին։

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ