06 09 2023

Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց գործարքի հետ. «Հետք»

Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց գործարքի հետ. «Հետք»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

«Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։

ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարևանի անունով, որը նախկինում նման ծավալի շինարարության փորձ չի ունեցել։ Ավելին, ՀՖՖ-ի կազմակերպած մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը պատրաստ է եղել մարզադաշտը նորոգել 50 մլն դրամով էժան, սակայն ՀՖՖ-ն որոշել է պայմանագիր կնքել պաշտոնյաների հետ կապված ՍՊԸ-ի հետ։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2022 թ․-ին, կտրելով կարմիր ժապավենները, ազդարարեցին Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացումը։ Այդ օրը Ալեքսանդր Չեֆերինը մեծ ոգևորությամբ խոսում էր ինչպես մարզադաշի վերաբացումից, այնպես էլ իր և Արմեն Մելիքբեկյանի ջերմ հարաբերություններից։ Մարզադաշտի վերաբացումից շատ չանցած՝ ՀՖՖ 22-րդ ժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի «Հեթտրիկ» ծրագրի (HatTrick) պատասխանատու Դենիս Բաստարինը, խոսելով վերակառուցված և վերաբացված մարզադաշտերի, այդ թվում՝ Աբովյանի մարզադաշտի մասին, նշեց, որ դրանք՝ որպես ենթակառուցվածք, մեծ ժառանգություն են, որ թողնելու են ապագա սերունդներին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյան հայտարարեց նման ծրագրերին հետագայում էլ աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի, Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը ֆինանսավորվել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի միջոցով։

Հետաքրքիր է՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները տեղյա՞կ են, թե ինչպես է կազմակերպվել մարզադաշտը նորոգող ընկերության ընտրությունը, ո՞վ է մրցույթում հաղթել, և ինչպես կարող էր ավելի արդյունավետ ծախսվել իրենց ֆինանսավորումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ