25 04 2023

Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտում իրականացնել Արցախում․ ընդդիմադիրները՝ ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին

Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտում իրականացնել Արցախում․ ընդդիմադիրները՝ ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրոսցի պատգամավոր, խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է` ՀՀ-ն փորձում է խաղաղ ճանապարհով Ադրբեջանի հետ փոխհամաձայնության գալ, բայց Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական մոտեցումները: Պատգամավորը նշել է, որ այս իրավիճակում երկարաժամկետ խաղաղության հասնել հնարավոր չէ: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը Եվրոպական խորհրդարանից գործուն քայլեր է ակնկալում. մասնավորապես, որպեսզի կառույցը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ վերջինս կատարի Արդարադատության միջազգային դատարանի վճռով իրեն վերապահված պարտավորությունները:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել Արցախի շրջափակմանը: Ըստ պատգամավորի` դա քաղաքական խնդիր է, որի հետեւանքով հումանիտար խոր ճգնաժամ է առաջացել: Խորհրդարանականը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել Արցախում:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը տեղեկացրել է, որ այցի ընթացքում եղել է Սյունիքի մարզում, արձանագրել ադրբեջանական առաջխաղացումները: Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի պատգամավորը վստահեցրել է հայ գործընկերներին` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին զեկույց է պատրաստելու եւ ներկայացնելու է ինչպես Եվրոպական խորհրդարանին, այնպես էլ Եվրահանձնաժողովին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ