Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ինչպես հայտնում է «Report»-ը, նա այս մասին ասել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում։
Բայրամովի խոսքով՝ կազմակերպության աշխարհագրական դիրքը, տնտեսական ներուժն ու էներգետիկ ռեսուրսները զգալի հնարավորություններ են ընձեռում միջազգային տրանսպորտի, առևտրի և էներգետիկ անվտանգության ոլորտներում նրա դերն ամրապնդելու համար։
«Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է այս ոլորտում։ Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը և մեր երկրների միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը կմեծացնեն մեր տնտեսական հնարավորությունները»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ հիմնական նպատակն այդ հնարավորություններն օգտագործելն է ոչ միայն տարանցման, այլև փոխադարձ առևտրի, արդյունաբերական համագործակցության և ներդրումների զարգացման համար։
«Էներգետիկայի, թվային կապի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ավանդական էներգակիրների հուսալի մատակարար լինելուց բացի՝ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կանաչ էներգետիկ և թվային կապերի հաստատման գործում»,- նշել է նա։




