«Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան

7 Դեկտեմբերի, 2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։

37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն էլ դարձան հաշմանդամ, զրկվեցին բնակարանից ու աշխատատեղից։ Ողբերգական այդ օրվանից մի ողջ կյանք է անցել, սակայն մեր ցավը չի մեղմվել, մեր վերքն արյունահոսում է ցայսօր։

Երբ դուք առաջին անգամ ինձ վստահեցիք Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, ձեր ուղերձը մեկն էր՝ ուժերի գերլարումով, անկոտրում կամքով և ամենօրյա աշխատանքով դիմափոխել տառապանքից հյուծված քաղաքը։ Տարիների իմ աշխատանքը ձեր աչքի առջև է՝ սկսած ճանապարհաշինությունից, բնակարանային շինարարությունից, բնակարանների թափանցիկ բաշխումից մինչև պայքար անօթևանների իրական, ճշմարիտ թվի ներկայացում Հայաստանի կառավարությանը, նոր բնակարանաշինություն, մարզամշակութային, կրթական օջախների կառուցում և վերակառուցում։Իմ ղեկավարման տարիներին կառուցվել էր շուրջ 17.000 բնակարան, քաղաքն ազատվել է շուրջ 40.000 տնակից։

Ավերված քաղաքից մինչև նրա վերածնունդը մենք եղել ենք միասին, ձեր կամքն է ձուլվել իմ կամքին։

Այսօր Գյումրին կրկին անտեսված է. օրվա իշխանությունների 8 տարվա կառավարման ընթացքում գեթ մեկ բնակարան չի կառուցվել Գյումրիում։

Մեկ տարի առաջ այս նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը վերաօծեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր զարդերից մեկը՝ Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցին։ Ինչպես «Ամենափրկիչը», այնպես էլ «Սուրբ Նշանը» վերականգնվել են իմ կողմից, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, ոչ թե ավելցուկից, այլ՝ վերջինով։ «Ամենափրկիչը» խոնարհված ու վեր հառած հոգևոր այն բացառիկ կոթողներից է, որը վկայում է մեր հոգևոր սխրանքների, քրիստոսադավանության, առաքելական անսասան հավատքի, մնայուն հույսի և անսահման սիրո մասին։

«Մինչև Ամենափրկիչը չվերականգնվի, Գյումրին չի վերականգնվի»՝ իմ արտահայտած միտքն իրականություն է, չնայած այն հանգամանքին, որ, տարիների անտարբերությունից հետո, քաղաքի զարգացման տեմպերը և առկա անելիքները դեռևս շատ են։

Հենց դրանցով էլ պայմանավորված՝ ես կրկին առաջադրվեցի քաղաքապետի պաշտոնում՝ վերստին ստանալով ձեր և Գյումրու ավագանու ընդդիմադիր ուժերի վստահության քվեն։Այսօր ես ձեզ դիմում եմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության զնդանից՝ իմ և իմ ընտանիքի նկատմամբ պլանավորված քաղաքական հալածանքի և ծրագրված հետապնդման հետևանքով։

Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելու ինձ ներկայացված մեղադրանքը ոչ թե նողկալի է, այլ՝ ծիծաղելի։ Դուք բոլորդ գիտեք ինձ, իմ գործունեությունը, մեր պաշտելի հայրենիքի նկատմամբ իմ անհատակ սերն ու նվիրվածությունը։

Այսօր Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի է ոտք դնելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Աստվածուրացի տարիներին Հայաստանում երկու եկեղեցու զանգերը չեն լռել՝ Մայր Տաճարինը և «Յոթ Վերքինը» կամ Աստվածածնինը։ Երիցս նզովյալ է նա, ով կեղծ պատարագ կկազմակերպի Տիրամոր յոթ վերքերը խորհրդանշող մեր սուրբ եկեղեցում։

Ես գիտեմ ‘ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է նրանց վրա, ովքեր անիրավությամբ և անբարշտությամբ ճնշում են ճշմարտությունը։

«Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին։

Ուզում եմ հիշեցնել, որ 1918 թվականին, երբ թուրք գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ցանկացել է քանդել «Յոթ Վերք» եկեղեցին, վախից ուշագնաց է եղել։ Տիրամայրը թուրքին տեսիլքով սպառնացել է կուրացնել։ Ուշքի գալուց, թշնամի ջարդարարը գոռացել է «Մայրամանա», այսինքն՝«Աստվածածին», ինչից հետո թուրք գեներալը խոնարհվել է Աստվածամոր պատկերի առջև՝ իր թիկնազորով պաշտպանելով «Յոթ Վերք» եկեղեցին։

Քաղաքական դիվիդենտների համար Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, թշնամու պատվերով, հալածողին, ուզում եմ հիշեցնել անհուշ բերդում Արշակ թագավորի աքսորի պատմական փաստը։

Ինձ ու սրբազաններին բանտում հանիրավի պահող, հիշի՛ր՝ Գյումրիից սկսեցիր քո քայլարշավը, բայց «Սուրբ Յոթ Վերքը», իմ կառուցած «Սուրբ Նշանն» ու «Ամենափրկիչը» քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղոթենք քո անթիվ մեղքերի թողության համար։

Սիրելի հայրենակիցներ…

Հիշատակի այս օրն ես ձեզ մաղթում եմ տոկունություն,ուժ, ներքին և արտաքին թշնամիներին դիմագրավելու միասնականություն: Չվախենաք ոչնչից և ոչ մեկից: Աստված մեզ հետ է,եւ,ուրեմն, ո՞վ կարող է մեզ հետ մենամարտել»,-ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով

Երևանում հունիսի, 29-30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար...

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 13 տուժած

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 13 տուժած

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 13 մարդ։ Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, տեղական իշխանությունների տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան ժամը 03:30-ի դրությամբ զոհեր չկան։ Տուժածները...

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և երեքշաբթի՝ հունիսի 30-ին, հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածությունը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան...

Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին

Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին

Հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի...

Իրավապաշտպան կառույցները ասում են՝ ԿԸՀ-ն մեծագույն խախտում է արել․ Արամ Վարդևանյանը՝ Սրբուհի Գալյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...