Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր «ռազմական հանցագործություններ» են կատարել մարդկության դեմ, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին ասել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա:
«Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են: Բաքվում ընթանում է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց դատավարությունը։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ: Հայաստանը ներկայումս անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատարանի դեմ։ Այս դատարանում դատված անձինք պատասխանատվություն են կրում օրենքի առաջ, նրանց գերի ու պատանդ անվանելն անընդունելի է»,- նշել է Ալիևի օգնականը։
Հաջիևը նշել է, թե Ադրբեջանի դեմ Հայաստանի «հանցագործությունները» չեն մոռացվի և կրկին անդրադարձել է Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու խոսել Ադրբեջանին «հասցված վնասներից»։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունից: Փոխհատուցման հարցը նույնպես քննարկման փուլում է։ Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության լիարժեք ապահովման համար»,- հավելել է նա։