Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։
Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։
«Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։
Կավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։