Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը. Տեր Արարատ

11 Հուլիսի, 2025

Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը, այս մասին հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։

Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։ Սիմոնը դարձավ Պետրոս՝ (Մատթ․ ԺԶ․ 18), իսկ Սողոսը՝ Պողոս (Գործք ԺԳ․ 9)։ Այս անվանակոչումները նշանավորեցին նոր առաքելություն ու հոգևոր կյանքի նոր ուղի։ Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց այս ավանդույթին։ Ամենայն Հայոց կաթողիկոսները հիշատակվում են իրենց հոգևոր անուններով, որոնք նրանց աստվածային կոչման ու հոգևոր իշխանության խորհրդանիշն են։ Այս մասին է վկայում նաև Գևորգ Զ․ Չորեքչյան հայրապետը, երբ նշում է. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ՝ հայրապետական գաղափարի մարմնացում»։

Այս իմաստով՝ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը՝ հատկապես դիտավորությամբ և հրապարակայնորեն, ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Ցավոք, վերջին ամիսներին նկատվում է չափազանց վտանգավոր և չար միտում․ պետական պաշտոն զբաղեցնող և քաղաքական որոշ «գործիչներ»՝ իրենց ելույթներում, հրապարակային խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ոչ թե նրա հոգևոր, այլ աշխարհիկ անվամբ։

Նման քայլերը, առերևույթ քաղաքական հռետորաբանության բաղադրիչներ լինելով, իրականում հարված են հայ հոգևոր ինքնությանը, մեր բազմադարյա ազգային Եկեղեցուն։ Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգևոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսևորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն Կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգևորականի նկատմամբ դիտավորյալ և միտումնավոր որևէ խոսք ու արարք․ «Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով կգործի առանց լսելու քո Տեր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի» (Բ․ Օրենք․ ԺԷ․ 12)։

Թեև այսօր իրավական առումով նման խոսքի համար սահմանված չէ պատժամիջոց, սակայն հոգևոր ու բարոյական տեսանկյունից՝ նման գործողությունները պարսավելի են և բացահայտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քողարկյալ գործողությունների իրական՝ մութ նպատակը։ Հասարակության արձագանքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում, եկեղեցական համայնքներում, հստակ վկայում է, որ հավատավոր հայորդիների ընկալմամբ՝ սա սադրիչ վարքագիծ է, նաև՝ անընդունելի և խիստ դատապարտելի արարք։ Ողջախոհ քննադատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե, ժողովրդավարության անբաժանելի մասն են, սակայն նշյալ իրավունքը չպետք է վերածվի հոգևոր արժեքների ոչնչացման կամ ազգային կրոնական արժանապատվության ոտնահարման զենքի։

Եվ ի գիտություն որոշ նորաթուխ և այդպես էլ չկայացած «գործիչների»՝ որքան էլ փորձեք Հայոց հայրապետի անձն ու հեղինակությունը նսեմացնել՝ նրան աշխարհիկ անունով դիմելով, չեք հաջողելու, քանզի ձեռնադրությամբ նրան տրված անունը, ինչպես և աստվածընկալ օծումը, չեք կարող խլել․․․ Հոգևոր անունը ոչ միայն նրա ինքնության, այլ նաև կոչման խորհրդանիշն է։

Ուստի երջանկացեք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր անունը խեղելու տկար և փոքրոգի փորձերով, քանի որ Հայոց Հայրն իր անունն ու սուրբ օծումը և հոգևոր իշխանությունը ստացել է ի հավիտյանս․ «Կաթողիկոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողովրդեանն, զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր» (Կանոնք առաքելական, կանոն Զ․)։

Հ․Գ․

Նշենք՝ որևէ հոգևորականի, առավել ևս Հայոց Հայրապետին դիտավորությամբ աշխարհական անունով դիմելը նշանակում է նրա եկեղեցական գործունեության՝ խորհրդակատարությունների և օրհնության կարգերի ինքնաբերաբար մերժում։ Այս դեպքում՝ նշանակում է մերժել 2001, 2008, 2015 և 2024 թվականների Մեռոնօրհնությունները։ Այսինքն՝ այս տարիներին կատարված բոլոր մկրտությունների, ձեռնադրությունների, եկեղեցիների և խաչերի օծումների մերժում, ինչն ինքնին մեծ մեղք է, ուստի ենթակա նաև հոգևոր պատժի․ «Եթե մահանա աշխարհական մեկը, որին պէս-պէս սխալների համար բանադրել է եպիսկոպոսը, թող նրան չթաղի քահանան, ոչ իսկ մկրտի [նրա] երեխային» (Կանոնք Սիոնի Հայոց կաթողիկոսի, կանոն ԺԹ․)։

Հ․Գ․ 1

Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք»,- նշել է Տեր Արարատը։

 

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ազգային...

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։ Տեղեկացանք, որ...

Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը խնդիր չունի ռուսական կոնցեսիայի հետ, մյուս կողմից՝ խոսում է երկաթուղու կառավարման ձևաչափը փոխելու և երրորդ երկրներին կառավարումը փոխանցելու մասին։ Իսկ ռուսական կողմը պնդում է, որ...

Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»

Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում...

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Իրանի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մասուդ Փեզեշքիանը Երևան է...