Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ»

6 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հրապարակել էր մի շարք փաստեր, որոնք վերաբերում էին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը։ Խոսքը վերաբերում էր հնարավոր խախտումներին, որոնք կարող են ունենալ ինչպես հանրային, այնպես էլ քրեաիրավական նշանակություն։

Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ ՊԵԿ ներսում գործող ծառայողական «WhatsApp» խմբում ցուցում է տրվել Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) համարները չնկարելու վերաբերյալ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր։ Սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները՝ սերիական համարները, արտադրող երկրի նշումները և քաշը, լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։

Փոխարենը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լուսանկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ այդ տվյալները տեսանելի չեն եղել։ Սա, ըստ ոլորտի մասնագետների, կարող է խնդիրներ առաջացնել ոսկու ծագման, նույնականացման և մաքսային վերահսկողության տեսանկյունից։

Հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումներ էր ուղարկել իրավասու մարմիններին՝ պարզելու մի շարք կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես՝
իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ,
պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները,
ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները,
տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։

Սակայն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին բավականին լակոնիկ պատասխան են փոխանցել։ Մասնավորապես՝ տեղեկացրել են միայն, որ նշված հանգամանքների վերաբերյալ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ՝ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով։

Այնուամենայնիվ, հրապարակումից ամիսներ անց հանրությանը դեռևս չի ներկայացվել որևէ հստակ տեղեկատվություն՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, ի՞նչ արդյունքներ են տվել իրականացված գործողությունները, և արդյոք որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության է ենթարկվել։

Այսպիսով, շուրջ 2 տոննա ոսկու ներմուծման և դրա նույնականացման հնարավոր խախտումների վերաբերյալ բարձրացված հարցերը շարունակում են մնալ առանց հստակ պատասխանների, մինչդեռ թեման ունի ոչ միայն տնտեսական, այլև իրավական և հանրային կարևոր նշանակություն։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...