ՏԵՂԵԿԱՆՔ № 13՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

27 Դեկտեմբերի, 2023

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

08․05․2018թ․, ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում — Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները, ըստ էության, այսօր առկա են մեր երկրում:

Իրական պատկեր — Հայկական ՏՏ ընկերությունների ճնշող մեծամասնությունն արտահանում է իր պրոդուկտը և վարձատրվում է արտարժույթով։ 2022-ին դոլարի ու եվրոյի փոխարժեքի կտրուկ անկումը, ինչպես և սպասվում էր, այս ընկերությունների համար հանգեցրել է լուրջ խնդիրների։ Մի շարք ընկերություններ կրճատումներ արեցին, որոշները փակվեցին, մի մասին էլ կառավարությունը դրամաշնորհ տվեց` խնդիրները մեղմելու համար: Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ,  10 մլրդ դրամ պետական աջակցություն էր տրամադրվել տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Վերջերս, սակայն, մամուլը պարզել էր, որ ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել:

Նշենք նաև, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում, որը ԱԺ փոխխոսնակը համարում է աշխարհում ամենամրցունակը, ամիսներով չի գործում դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը, համակարգիչը խափանվում է և ամիսներով չվերականգնվում:

09․08․2018թ․, Կառավարության նիստ

Խոստում — Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։ Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ։ Հիմա այսպիսի խնդիր չկա դրված։ Պետական կառավարման համակարգը պետք է արդյունավետ օգտագործվի։

Իրական պատկեր – Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով աշխատանքի տեղավորումն այսօրվա իշխանության ամենաակնհայտ չկատարած խոստումներից է: Հեղափոխությունից հետո առաջին նշանակումներն իսկ արվել են ԽԾԲ համակարգով։ Հիշենք հազարավոր դեպքերից ընդամենը մի քանիսը, որոնք հրապարակվել են մամուլում․

  • Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան, աներորդին, քավորի եղբայրը դարձան ԱԺ պատգամավորներ, քավորը՝ Տավուշի մարզպետ, դպրոցական ընկերը՝ ոստիկանապետ, հիմա՝ ներքին գործերի նախարար: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի երկու լրագրող և տնօրենը դարձան patgamavw8, Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին` ևս, այժմ՝ ԱՄՆ-ում դեսպան, իսկ նրա, այսինքն՝ Լիլիթ Մակունցի եղբայրը՝ պաշտպանության նախարարի օգնական։
  • Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը՝ մորաքրոջ թոռ Ռաֆիկ Մաշադյանը, նշանակվեց ՊԵկ փոխնախագահ, վերջինիս որդին՝ դատախազ, Աննա Հակոբյանի մյուս ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, նշանակվեց Գյումրու փոխքաղաքապետ։ Աննա Հակոբյանն ինքը դարձավ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար։
  • ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, դարձավ ԱԺ պատգամավոր, որդին՝ Հրազդանի քաղաքապետ, դուստրը՝ Կոտայքի մարզպետի օգնական։
  • Պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աղազարյանի կինն աշխատանքի անցավ Ազգային ժողովում, որդին՝ Հովսեփ Աղազարյանը, նշանակվեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետ, մյուս որդին՝ Վահեն, պաշտոնի անցավ Զվարթնոցի մաքսատանը։
  • Գարիկ Սարգսյանը երբ նշանակվեց Արարատի մարզպետ, ազգականներից մեկը նշանակվեց Վեդու ՋՕԸ-ի տնօրեն, բաջանաղը՝ Արարատի մարզային ՃՈ պետ, մյուս բաջանաղը՝ փոխմարզպետ, քեռու տղան՝ օգնական։ Գարիկ Սարգսյանին հաջորդեց մարզպետի պաշտոնում Ռազմիկ Թևոնյանը, որի հրաժարականից հետո էլ նրան փոխարինեց որդին՝ Սեդրակ Թևոնյանը, որը մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր էր։
  • Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարար նշանակվելուց հետո քավորին նշանակեց խորհրդական, մանկության ընկերոջը՝ աշխատակազմի ղեկավար, կինը աշխատում է ԱԺ-ում, ընկերը՝ ԴԱՀԿ-ում՝ որպես պետ։
  • Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, եղբայրը՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Մորաքրոջ որդին, ում նկատմամբ քրեական գործ կար հարուցված, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ։
  • Այժմ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը երբ աշխատանքի անցավ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետ, եղբոր կինն աշխատանքի անցավ Գյումրու քաղաքապետարանում որպես վարչության պետ, քավորը նշանակվեց փոխմարզպետ, մյուս ազգականը՝ պոլիկլինիկայի տնօրեն։
  • Պատգամավոր են Լենա Նազարյան և Նարեկ Բաբայան ՔՊ-ական ամուսինները։
  • Վերջերս աղմուկ բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի բացատրությունը, թե ինչու է ամուսնուն նշանակել իրեն օգնական․ «ինձ գործի է բերում-տանում․ որպեսզի դրսում չնստի, օգնական եմ գրանցել»։ Պարզվեց, որ նրա եղբայրը ևս ԱԺ պատգամավորի օգնական է աշխատում։
  • Նշանակվելով փոխվարչապետ՝ ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանի մորաքույրը նշանակվեց Ախուրյանի դպրոցի տնօրենի ԺՊ, մորաքրոջ ամուսինը՝ Ախուրյանի փոխոստիկանապետ, ամուսնու եղբայրը՝ մեկ այլ դպրոցի տնօրենի ԺՊ։
  • Գագիկ Մելքոնյանը դարձավ պատգամավոր, որդին՝ քրեակատարողական հիմնարկի պետ։

Դեպքերը կարելի է շարունակել շատ երկար․ դրանք այնքան շատ են, որ ավելի հեշտ կլինի նշել այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն ձևով կապ չունեն ՔՊ-ականների հետ:

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Խոստում — Մենք հույս ունենք Արցախի կառավարության հետ համատեղ մինչև 2023 թվականը լուծել Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները։ Եվ մենք անպայման կլուծենք այդ խնդիրը։

Իրական պատկեր — Հասկանալի է, որ խոստումը տապալվել է ամբողջությամբ։ Ոչ միայն չլուծվեց Արցախի ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրը, այլ մինչ այդ ում խնդիրն էլ լուծվել էր, բնակարանները հանձնվեցին Ադրբեջանին։

29.11.2019թ․, Ելույթ՝ ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը 

Խոստում — Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ և մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով:

Իրական պատկեր – Այս խոստումը շատ ավելի բարոյախրատական դաշտում է։

Քաղաքացիները հաճախ են բողոքում ոչ միայն պետական պաշտոնյաների, նաև համայնքային պաշտոնյաների վատ վարքագծի պատճառով։ Վարքագիծը վատ դրսևորում է ստացել անգամ ուղիղ հեռարձակմամբ։ 30․11․2023թ․ Համացանցում հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը սեռական հայհոյանքներ տալիս ավագանու նիստին մասնակից քաղաքացիներին։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը այս խոստումից հետո քանիցս իրենց իշխանությանը համեմատել է Աստծո հետ։ Վերջին նման դեպքը տեղի ունեցավ 21․04․2023թ․, երբ խորհրդարանում հայտարարեց․ «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

01.09.2022թ․, Կառավարության նիստ

Ելույթ — Իմ դիտարկմամբ, Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների կրթության համար հեռանկար ստեղծելու համար: Այժմ գյուղերում բացվող մանկապարտեզները, դպրոցները, մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Իրական պատկեր — Գյուղերում մնալու և կրթություն ստանալու ջատագով Փաշինյանը 2023թ․ նոյեմբերի 24-ի օնլայն ասուլիսում պատասխանելով քաղաքացու հարցին, որն առաջարկում էր համալսարան բացել Վայոց ձորում, որ ստիպված չլինեն երիտասարդները կտրվել մարզից և քաղաք գալ, պատասխանեց, որ շատ կարևոր է, որ երեխան դուրս գա իր գյուղից և մարզից և գնա մենակ ապրելու:

Ինչ վերաբերում է դպրոցական շենքերի թարմացմանը, կառավարությունը վիճակագրություն չի հրապարակել, թե դպրոցական շենքերի վերանորոգումից հետո յուրաքանչյուր դպրոցում որքան է ավելացել աշակերտների թիվը։ Սակայն կա վիճակագրություն այն մասին, որ 2022 թվականին Հայաստանից գնացել-չի եկել 28 հազար մարդ, 2021-ին՝ 44 հազար մարդ։ Եթե սեզոնային աշխատանքի մեկնողները գնում են միայնակ՝ ընտանիքները թողնելով երկրում, ապա արտագաղթողները, մեծամասամբ, դա անում են ընտանյոք հանդերձ։

Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր քայլ է՝ պատշաճ պայմաններում կրթություն ստանալու տեսանկյունից, բայց վերանորոգված դպրոցը պատշաճ կրթության ապացույց չի կարող լինել։

Շարունակելի

Նմանատիպ նյութեր

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես...

«Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է․ «Կարճ ասած»

  Երեք քաղաքացի զրուցում-բանավիճում էին և ինձ տեսնելով՝ կարծիքս հարցրին ադրբեջանցիների՝ Հայաստանում հնարավոր բնակեցման վերաբերյալ։ Իմ կարծիքը հետևյալն էր՝ Նիկոլից սպասում եմ ամեն ինչ, ու հատկապես՝...

Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց

Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք ու գրավ: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է...

Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստնությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ․ Հայր Ռուբեն

Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստնությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ․ Հայր Ռուբեն

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ Սրբոց թարգմանչաց տոնի առթիվ. «Որտեղ ձեր գանձն է, այնտեղ է նաև ձեր սիրտը» (Ղուկ․ ԺԲ 34) «Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,...

Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, Ալեքսանյանը հունիսի 3-ից քաղաքական հրահանգով կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 2026թ....