Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»

27 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում այս օրերին կատարվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ նաև հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Արցախյան պատերազմից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ուժեղացել են։ Իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կապված է նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներից։ Իսկ Թուրքիայում այսօր ներքաղաքական լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի վրա է՝ կապված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետ։

Իսկ թե ինչու հենց այս պահին որոշվեց ձերբակալել Իմամօղլուին, շատ պարզ է՝ նա կարող էր գրանցվել որպես ընդդիմադիր թեկնածու։ Իմամօղլուն այն քաղաքական գործիչն է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, որ գրեթե միշտ հաղթանակ է արձանագրել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։ Նույնիսկ դեպք եղավ, որ Թուրքիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ստամբուլում կայացած ընտրությունները, որի արդյունքներով հաղթել էր Իմամօղլուն։ Բայց նոր ընտրությունների արդյունքում ընդդիմադիր թեկնածուն կրկին հաղթանակ արձանագրեց Ստամբուլում։ Իսկ Թուրքիայում հայտնի խոսք կա. «Ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»։ Ստամբուլը Թուրքիայի ամենաառանցքային քաղաքն է։ Եվ Էրդողանը նույնպես իր քաղաքական վերելքը սկսել է Ստամբուլից, ապա հասել ամենաբարձր պաշտոններին։ Ուստի, Իմամօղլուն նախագահական ընտրությունների ժամանակ իրապես կարող է ձեռնոց նետել գործող նախագահին։

2023 թվականի նախագահական ընտրություններին նախորդող փուլում Իմամօղլուն անցնում էր քրեական գործով։ Ու վերլուծական շրջանակներում նշվում էր, որ նա կարող է Էրդողանի համար լուրջ մրցակից լինել։ Անգամ սոցհարցումների արդյունքներ էին ներկայացվում, և խոսվում էր այն մասին, որ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահինը։ Սակայն, ի վերջո, որոշվեց, որ 2023 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունն առաջնորդելու է Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հանրության շրջանում ավելի թույլ թեկնածու էր ընկալվում, բայց նա պարտություն կրելուց հետո որոշեց, որ զիջելու է կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ու չնայած անցած նախագահական ընտրություններից երկու տարի ժամանակ է անցել, թուրքական հանրության և վերլուծաբանների շրջանում խոսվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, քանի որ Էրդողանը նպատակ ունի նախագահի պաշտոնում իր տեղը նորից ամրագրել։ Ճիշտ է՝ Էրդողանը դեռևս մեծ հանրային աջակցություն ունի, բայց բացառված չէ, որ ժամանակի ընթացքում դժգոհությունների կուտակման պարագայում հասարակության մեծամասնության վստահությունը թեքվի հենց Իմամօղլուի կողմը, մանավանդ տվյալներ են հրապարակվում, որ գրեթե 15 միլիոն քաղաքացի Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել են որպես հանրապետության նախագահի թեկնածու։

Դրա համար էլ Էրդողանը փորձում է հենց սկզբից թույլ չտալ, որ Իմամօղլուն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, իսկ այդ նպատակին հասնելու շրջանակներում է, որ միս ու արյուն են ստանում նրա դեմ հարուցված գործերը, որոնք առնչվում են կոռուպցիային և քրդական ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալուն։ Ըստ երևույթին, իրավապահները տևական ժամանակ հետևել են Իմամօղլուի յուրաքանչյուր շարժին, որ հարկ եղած դեպքում նրա դեմ գործի դրվեն մեղադրանքները։ Բայց միայն սա հերիք չէ, չեղյալ է հայտարարվել նաև Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը, իսկ թուրքական օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուները պետք է բարձրագույն կրթություն ունենան։

Ինչևէ, Իմամօղլուի ձերբակալությունը մեծ բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Նույնիսկ տվյալներ կան, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մոտ մեկ միլիոն մարդ է հավաքվել։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են գրանցվում, իսկ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։ Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են, որ բողոքի ակցիաների մասին տեղեկությունները հնարավորինս քիչ լուսաբանվեն։

Այսուամենայնիվ, Էրդողանն արդեն տարիների ընթացքում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և իր իշխանությունը պահելու մեծ փորձ է ձեռք բերել։ Նա կարողացավ իշխանության թամբի վրա մնալ՝ 2013 թվականին Գեզի պուրակի ցույցերից սկսած 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձով վերջացրած։ Այնպես որ, քաղաքագետները Թուրքիայում շրջադարձային փոփոխություն չեն կանխատեսում՝ մանավանդ որ բնակչության կրոնական ուղղվածություն ունեցող ազգայնական հատվածի շրջանում Էրդողանը մեծ աջակցություն է վայելում՝ հատկապես առաջնահերթություն տալով Թուրքիան համաշխարհային տերության մակարդակի բարձրացնելու նրա ամբիցիոզ ծրագրերին։ Իսկ ավելի աշխարհիկ ու մոդեռն հայացքներ ունեցող հատվածը ընդդիմությանն է աջակցում՝ չնայած թուրքական հանրության շրջանում, ընդհանուր առմամբ, նաև որոշակի հոգնածություն կա Էրդողանի երկար կառավարման շրջանից։

Բայց հետաքրքիրն այն է, որ հայկական դաշտում նաև այնպիսի կարծիքներ են հնչում, որ եթե Թուրքիայում իշխանության գա Իմամօղլուն, ապա հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ մոտեցումը փոխվի։ Սա, փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, թյուր կարծիք է։ Ճիշտ է, եթե Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը գա իշխանության, ապա թուրքական քաղաքականության շրջանակում Ադրբեջանին ավելի քիչ ուշադրություն կտրվի, սակայն դա դեռ չի նշանակում, թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը կտրուկ փոփոխություն է արձանագրելու։ Թուրքական վերնախավի շրջանում այն մոտեցումն է ձևավորվել, որ Հայաստանի հետ սահմանը բացելն իրենց համար առաջնահերթություն չէ, հայկական շուկան էլ իրենց համար տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում և շատ փոքր է։ Իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն ու սահմանը բացվի, ապա դրա համար պետք է գին վճարի և զիջումներ կատարի։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում որոշակի դժգոհություն կա Ադրբեջանից, որ փորձում են ազդել Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա, անընդհատ պահանջներ են ներկայացնում հայկական կողմին՝ ձգտելով խաղաղության գործընթացը տապալել։ Դրա մասին են վկայում Հայաստան այցելած թուրք լրագրողների, ինչպես նաև այլ վերլուծաբանների այն մեկնաբանությունը, թե Ադրբեջանը դարձել է հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտող գործոն, և Ադրբեջանի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից․ Քրիստինա Վարդանյան

Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Թումանյանով զբոսնեցի։ Էս ի՜նչ արեցիք դուք… Նայեք այս նկարներին։ Նույն շենքն է, նույն Թումանյան փողոցը։ Միայն ծառերն այլևս չկան… Ախր ի՜նչ ծառեր էին… Հսկայական, հոյակապ հասուն թեղիներ՝ լայն, խիտ...

Դուք Տիգրան Մեծին էլ եք հասնելու․ մի օր կասեք, որ ինչ-որ խնդրի մեջ նա է մեղավոր․ Արամ Վարդևանյան 

  «Փաստորեն, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից, քաղաքական իշխանությունից ավելի զորեղ ուժ կա։ Դա Ավետիք Չալաբյանն է, որը կարողանում է խոսել և Հայաստանի համար տնտեսական սանկցիաներ բերել։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել՝...

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին. Արցախի ԱԺ նախագահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին. Արցախի ԱԺ նախագահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր...

Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ․ Գեղամ Մանուկյան

  «Ուզում եմ հիշեցնել՝ Արթուր Սարգսյանը զրկված է մնում Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից անօրինական որոշումով, Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է։ Եթե լիներ Արթուր Սարգսյանն այս դահլիճում, վստահաբար այսօր...

Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով

Սեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup Challenge-ով։ Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների ներկայացրած իրական բիզնես...