Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Գեղամյան

10 Սեպտեմբերի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ… Թուրքիայում։
Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական (չ)են։

Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։

Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը
Քանի որ Էրդողանը հասցրել է անցնող տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության ներքո վերցնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը, իր գործը բավական հեշտացել է։ Եվ ազատորեն անում է հետևյալը.

◾Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։

◾Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։

◾Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։

◾Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023 թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։

◾Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։

Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ…
Իրավիճակը մնում է գերլարված, իսկ Էրդողանը դաշտը մաքրում է իրական ընդդիմությունից, որպեսզի կարողանա նորից ընտրվել։

Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին

Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ»։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...