Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում

8 Դեկտեմբերի, 2025

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ատելության խոսք տարածելու և բռնություն քարոզելու հրապարակային կոչերի հատկանիշներով շուրջ 300 քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդման է ենթարկվել 56 անձ, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի քրեական արդարադատության համակարգի պատմության մեջ:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը տրամադրել է 2021-2025թթ ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 329 և 330 հոդվածների (նախկին ՔՕ 226 և 226․2 հոդվածներ) հատկանիշներով գրանցված հանցագործությունների քանակի, դրանցով քրեական հետապնդման ենթարկված և քրեական հետապնդումը դադարեցված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ տարեկան կտրվածքով։

Համաձայն ՆԳՆ-ի տրամադրած տվյալների՝ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ ՔՕ 329 և նախկին ՔՕ 226 հոդվածների հատկանիշներով հարուցվել է 49 քրեական վարույթ, որից միայն 17-ը 2025 թվականի 10 ամիսների ընթացքում, իսկ 330-րդ և նախկին ՔՕ 226․2 հոդվածների հատկանիշներով՝ 241 քրեական վարույթ, որից միայն 68 –ը 2025-ի 10 ամիսների ընթացքում: (Մանրամասները տես աղյուսակում):

New Picture.jpg (37 KB)

Նշենք, որ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերաբերվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն. Այս հոդվածով նախատեսված է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Իսկ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, նախատեսված է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մասնավորապես քրեական օրենսգրքի 329-րդ և 330-րդ հոդվածների հատկանիշներով քրեական վարույթներ են նախաձեռնվել թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի, նախկին ոստիկանապետիխորհրական, ակտիվիստ Նարեկ Մալյանի (նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդված), պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի (մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ. նա մեղադրվում էր 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար) և այլ հասարակական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ բռնության քարոզը քրեական պատասխանատվության դաշտ էր բերվել դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին, երբ  լրացում էր կատարվել այն ժամանակ գործող քրեական օրենսգրքում և ավելացվել 226.2 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Նոր քրեական օրենսգրքում այս հոդվածը համապատասխանեցվել է 330-րդ հոդվածին:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին մի շարք իրավապաշտպաններ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազությանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած  ենթադրյալ հանցավոր գործողությունների մասին։

Հիմք ընդունելով վարչապետի՝ նախկինում արված բազմաթիվ գրառումներ և կոչեր, իրավապաշտպանները փաստել էին, որ Փաշինյանի հրապարակումները շատ քաղաքացիների մոտ ագրեսիա և անհանդուրժողականության տրամադրություններ են սերմանել: Այս արարքն ըստ իրավապաշտպանների՝ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին: Սակայն մինչ օրս դատախազությունը իրավական գնահատական չի տվել և չի լուծել նշված փաստով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Նշենք, որ դեռևս նախորդ տարվա փետրվարին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ էր համարել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը՝ ընդգծելով, որ այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Նկատենք, որ միջազգային իրավանորմերի և նախադեպային որոշումների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում:

Հաշվի առնելով այս հոդվածների մասսայական և կամայական կիրառության պրակտիկան, ինչպես նաև միջազգային իրավունքի լույսի ներքո մեկնաբանելով նշված դեպքերով հարուցված վարույթների աննախադեպ աճը,  կարելի է արձանագրել, որ Հայաստանի դատախազությունն ու քննչական մարմինները, որպես «խոցելի խումբ» դիտարկում են ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող, պետական լայն լիազորություններ և լծակներ, անգամ անձեռնմխելիության երաշխիքներ ունեցող իշխանության  ներկայացուցիչներին և քրեական հետապնդումների ենթարկելով հանրային գործիչներին և ֆեյսբուքյան օգտատերերին, իշխանությանը պահում են հատուկ պաշտպանության տակ:

Նմանատիպ նյութեր

1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ՝ նվեր. «Հրապարակ»

1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ՝ նվեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերից, 2023 թ. հունիսին Երևանի Աջափնյակում առանձնատուն և հողամաս է ստացել նվեր։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314-ը՝...

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վերջին 5 օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՔՊ վարչության կողմից «դաբրո» ստացած Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցն է։ Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթի ստացած...

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը,...

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի համաձայն, Բաքուն, օգտվելով Երևանի զիջողականությունից, չի շտապում վերջնական փաստաթուղթ ստորագրել՝ ընդլայնելով պահանջները՝ անկլավների հանձնումից և սահմանազատման անվան տակ տարածքների յուրացումից մինչև ՀՀ Մայր օրենքի փոփոխություն ու շուրջ 300 հազար...

ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»

ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։...