Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին

20 Փետրվարի, 2026

NEWS.am-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանի փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակվել է նախկին աշխատանքին:

Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։

Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ:

Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն գաղտնի է պահում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, աշխատավարձերի եւ երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ եւ այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը եւ տնտեսվարը ներկայացրել էին ազատման դիմումներ եւ ազատվել աշխատանքից։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը եւ մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չէին ստացել եւ երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել էր վիճարկել քաղաքացիական դատարանում եւ վերականգնել իր «խախտված» աշխատանքային իրավունքը: Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել աշխատանքից։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք էին կազմակերպել և հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկացնելով մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարման ընթաքում տեղի ունեցած չարաշահումների, մանկապարտեզում արձանագրված ակնառու խախտումների մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ. Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նույն օրը աշխատակիցները և ծնողները դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանին: Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից շուրջ 30-ը և ավելի քան 200 ծնողներ միացել են ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման սկանդալային բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...