Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող ․ Սերժ Սարգսյան

15 Ապրիլի, 2025

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.

«Աշխարհաքաղաքական զարգացումները,  մեր շուրջը տեղի ունեցող սարսափելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ  ազգայինը համամարդկային է,  պահպանողականությունն արդիական է, արարչականը իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ գոյություն ունեցած ազգ և պետություն:

Խաղաղության շղարշի տակ թաքնված՝ գաղտնի բովանդակությամբ կասկածելի բանակցությունների հետևանք պայմանագրից հիմա էլ համաձայնագիր դարձած թղթի վերաբերյալ մեր կուսակցության Գործադիր մարմինը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնել է՝ արվել է հրապարակային հայտարարություն: Կրկնելու հարկ չկա: Միայն հավելեմ, որ «խաղաղության համաձայնագիր»  բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող  և իրականությունից հեռու։  Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ  իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։  Ակնհայտ է, որ այս  գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն:

Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց  ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով:

Բայց դա ոչինչ, կարևորը, այսպես ասած, «խաղաղությունն» է: Հանգիստ ապրեք, սիրելի՛ հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է:

Պատերազմով մարդկանց վախեցնելով, մեր երկիրն իրենը համարող թշնամու հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու, բարեկեցությունը բարձրացնելու  սուտ խոստումներով արդարացնում են հերթական դավաճանությունը: Ես չեմ հավատում, որ այս պայմաններում տնտեսական կապերը և առևտուրը խաղաղ  համակեցության երաշխիքներ են։ Այդպես կարող են մտածել միայն մարդկության պատմությանը և ներկա համաշխարհային վիճակին անծանոթ մարդիկ։  Օրինակ, Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից՝ անտեսելով տնտեսական շահերը և հնարավոր կորուստները։

Նույն Միացյալ Թագավորությունում Շոտլանդիայի անկախացման մղումներն ուժեղ են՝ չնայած Լոնդոնի հետ տնտեսական կապերին։ Բելգիայի ներսում Ֆլանդրիան ունի անջատողական  ուժեղ միտումներ, թեպետ փաստացի ԵՄ-ի սրտում է։ Կամ դիտարկենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող լարվածությունը, թեև այդ զույգն է համաշխարհային տնտեսության առաջատարը և ամենափոխկապակցվածը։ Հետևությունները թողնում եմ մեր ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր

Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61 հազար շրջանավարտ

Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61 հազար շրջանավարտ

Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...

Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։ Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության...

69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը

69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը

Դիլիջանի համայնքապետարանը 69 միլիոն 601 հազար 800 դրամ է տրամադրել 4 տարբեր կապալառուների համայնքում տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն փոխանցում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Պայմանագրեր են կնքվել «Ռաֆ-Ավո»,...

Հոգեվարքի դրսևորում է, պետք է հոգեբույժներից հարցնել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի պահվածքի մասին

  «Կարեկցանքի կարիք ունի պացիենտը։ Այն կեցվածքը, որը ինքը ցույց է տալիս հոգեվարքի դրսևորում է, թե պատճառներն ինչ են՝ չգիտեմ, երևի պետք է հոգեբույժներից հարցնել»,- այս մասին Շիրակի մարզի Աշոցք համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի...

Հայաստանի համար դժվար հարց  է ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանի համար դժվար հարց  է ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին ասել է, որ Հայաստանի համար դժվար հարց  է ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ «Տնտեսական և քաղաքական հարցերը սերտորեն փոխկապակցված են։ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի...