Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին ստորագրել է թիվ 706 հրամանագիրը, որով սահմանափակումներ են սահմանվել Ռուսաստանից ռուբլու կանխիկ արտահանման նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Հրամանագրի համաձայն՝ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակումը գործում է՝ անկախ արտահանվող գումարի չափից։
Սահմանված են նաև բացառություններ։ Մասնավորապես, գումարի արտահանումը թույլատրվում է Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված միջազգային օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ պատշաճ ձևով հաստատված բանկային քաղվածքների կամ կառավարության սահմանած այլ փաստաթղթերի առկայության դեպքում։
Արգելքի խախտման դեպքում ֆիզիկական անձանցից առգրավման ենթակա է 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ արտահանվող ամբողջ կանխիկ գումարը։





