Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է ուղղել ԿԽՄԿ նախագահին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին

19 Մարտի, 2026

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակ է ուղղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին։

Նամակում ասվում է. «Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Ընտանիքները խորապես մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որն այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության պահանջով:

Այս պայմաններում բանտարկյալների իրավական կարգավիճակի հարցը՝ այն իմաստով, որով այն դիտարկում է միջազգային հումանիտար իրավունքը, հատուկ նշանակություն է ստանում: Հենց այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու խնդրանքով էլ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։

Մենք հրապարակում ենք նամակը և կրկնում խնդրանքը՝ պարզաբանում տրամադրելու հայ բանտարկյալների իրավական կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում էին նրանց, և դիտարկելու այս հարցին պատասխանելու հնարավորությունը:

«Հարգելի՛ նախագահ,

Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը և մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների և անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ և հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝ ադրբեջանական կալանավայրում։ Մեր և, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։

Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության և չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին։ Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։

Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։

Հարգանքով,

Վերոնիկա Զոնաբենդ»

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...