Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

24 Սեպտեմբերի, 2026

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է  Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․

«2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպանի  աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն  ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ  նրանով, թե ինչից է խուսափում։

  1. Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին  տեսազանգերի բացակայությանը, կրթության  իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել:

Հարազատների հետ տեսակցությունների և առաջարկված մարդասիրական այցի վերաբերյալ լռությունը խոսուն է։ Աշխատակազմը պնդում է, որ ընտանիքի հետ կապն ապահովվում է։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ առկա կապը հեռախոսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները Պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին։ Դրանք շարունակում են մնալ անպատասխան։ Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտորեն գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։ Ահա թե գործնականում ինչ է նշանակում «ընտանիքի հետ կապն ապահովվում է»։

  1. Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության  մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։
  1. Պաշտպանի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և  փաստաթղթերով։ Այսպես. աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների՝ ըստ էության պատասխանները։

Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս։ Հեռախոսազանգերի գրանցամատյանները կարող են անմիջապես պատասխանել այս հարցին։

Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս։ Հունիսից օգոստոս Պաշտպանի աշխատակազմ է ուղարկվել առնվազն վեց գրավոր դիմում՝ բժշկական հետազոտությունների, տեսազանգերի, 916 թեժ գծի, նրա հետ հանդիպման և հարազատների հետ տեսակցությունների վերաբերյալ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չի տրվել։

Նույն պատկերն է նաև  փաստաբանի հասանելիության հարցում։ Տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել է՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 19-ին Պաշտպանը հայտարարել է, որ բանտարկյալների իրավունքներն ապահովվում են։ Սեպտեմբերի 22-ին  փաստաբանին կրկին մերժել են նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրված տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեծապես հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»։

Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝  ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտարկյալի վերաբերյալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցությունների, հյուպատոսական հասանելիության վերաբերյալ, հեռախոսազանգերի գրանցամատյանները, նրանց դիմումներին տրված գրավոր պատասխանները, նոտարական ծառայությունների և անկախ պաշտպանի հասանելիության գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ։

Հ.Գ. Բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպես նաև անպատասխան են մնում բարձրացված այն հարցերը, որոնց հայտարարությունը խուսափել է պատասխանել»:

 

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...