Փոքր քաղաքական միավորները և ԱԺ մտնելու գայթակղությունը. քաղաքագետ

10 Հոկտեմբերի, 2025

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Մեզանում մշտապես քննարկելի, հումորների տեղիք տվող հարցադրում է մեր փոքր պետության ու սակավ ազգաբնակչության համար անընկալելի մեծ թվով կուսակացությունների ու քաղաքական միավորների, շարժումների քանակը: Իրականության մեջ հաճախ փոքր պետության և կոնկրետ մեր սպեցեֆիկա ունեցող երկրում բարդ է արդյունավետ, բազմազան, տարբերվող լուծումներ, ուղիներ, հնարավորություններ գտնելը: Դա է պատճառը, որ 100-ից ավել քաղաքական միավորների մեծ մասը խոսում է գրեթե նույն բաների մասին. տարբերությունը ձևաբանությունն է, պաթոսը, առավել հազվադեպ՝ թվային և փաստական հիմնավորումները, տեխնոկրատիզմը:
2026-ին սպասվելիք ընտրական գործընթացաների ներքո նմաօրինակ քննարկումները բազմապատիկ ավելանալու են. այսօր արդեն իսկ օրակարգային են հանրային տրամադրությունների չափման, քաղաքական ու տնտեսական, անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ տարբեր ուժերի ու միավորների հանրային դիսկուրսը, առաջարկների պաթեթավորումները, քննարկումները:
Այսպիսի օրակարգերի ներքո արդեն՝ տևական ժամանակ է ձևավորվում են տարբեր նոր ուժեր, նոր «սոուսով» հին թիմեր, արհեստական ու բնական միավորներ, դաշտում վերադիրքավորվում են անհատներ, տարբեր ճանաչելիության ու անճանաչելիության գործիչներ: Սա, իրականում, բնական ու տրամաբանական գործընթաց է, քանի որ քաղաքական վակուումը և առկա ուժերի միջև ծայրահեղ անտագոնիզմը, ատելությունը օբյեկտիվորեն պետք է նոր քաղաքական ֆիգուրանտների պահանջ ձևակերպեր: Ֆիգուրանտների, ում հանրային աջակցության ու ճանաչելիության հիմնական չափիչները սոց. ցանցերն են, յություբյան դիտումները, երբեմն պաթոսն ու պոպուլիզմը, հաղորդումների ժամանակ հնչեցրած թեզերն ու FB գրառումների հասարակական արձագանքը:
Այստեղ հիմնական հարցադրում այն է, թե այդ «հայտնիները» սոցիալական ու քաղաքական ասֆալտի վրա ի՞նչ վերաբերմունքի են արժանանում կենցաղային Հայաստանում ապրող ու հազար ու մի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու կողմից: Վիրտուալ Հայաստանի ճանաչելիության ծուղակը հաճախ չար կատակ է խաղում նոր ուժերի կամ քաղաքականապես ոչ այդքան գրագետ գործիչների հետ՝  նրանց առերեսելով իրական քաղաքական ճանաչելիության ու լեգիտիմության բացակայության փաստին:
Վիրտուալ Հայաստանի ծուղակից բացի նոր ձևավորվող քաղաքական ուժերի համար կայացման լրջագույն մարտահրավեր է քաղաքական իրականության, իշխանության քաղաքական հեղինակության և սեփական քաղաքական ռեսուրսների՝ ոչ միշտ ադեկվատ, օբյկետիվ գնահատումը: Իշխանությանը թերագնահատելը և սեփական ազդեցությունը գերագնահատելը կործանարար հետևանք է ունենում առաջին հերթին ՀՀ-ի համար, քանի որ դրա արդյունքում իշխանությունը հաղթում է: Դրա վառ օրինակը 2021-ի ԱԺ ընտրություններն էին, երբ քաղաքական ուժերի մեծամասնությանը թվում էր, թե պատերազմ տանուլ տվածը չի կարողանալու հաղթել. հետագայում մենք տեսանք այդ ամենը ինչով ավարտվեց: Մի շատ կարևոր հանգամանք էլ՝ 2021-ի ընտրություններում փոշիացվեց նորաթուխ քաղաքական հավակնոտ միավորներին տրված մոտ 19,95 տոկոս ձայն, որը հետագայում առավելապես բաժին ընկավ ՔՊ-ին:
Հիմա իրավիճակը որոշակիորեն նման է 2021-ին. Նիկոլի անվերջանալի կապիտուլյացիաներ, իշխանության ցածրագույն վարկանիշ, անորոշ ապագայի մասին հանրային պատկերացումներ:
Նմանօրինակ վիճակը ենթադրում է նաև նմանօրինակ զարգացումներ՝ տարաբնույթ նոր քաղաքական դերակատարների քաղաքական մասնակցության հայտեր, ընտրական անցողիկ շեմի հաղթահարման հնարավորության իբրև իրատեսական պատկերացումներ, քաղաքական ակտվիվություն և որոշների հույս հայտնվելու ԱԺ-ում:
Մինչդեռ իրական քաղաքական օրինաչափությունները շատ այլ բաների մասին են փաստում.
— Ինչպես 2021-ին, այնպես էլ ներկայումս ձևավորվող քաղաքական միավորների մեծագույն մասը ֆինանսապես ու կազմակերպչական, գործընթացային առումով ունեն սուղ միջոցներ, իսկ քաղաքականության մեջ անգամ փոքր հաղթանակը մեծ փողեր է պահանջում. դա լավ կամ վատ չէ, դա փաստ է:
— Շատ ու շատ քաղաքական, հանրային միավորների ամբիցիոզությունը, հրապարակային հավակնոտությունը պայմաններ չի ստեղծում, որ նրանք սթափ գնահատեն իրենք իրենց, իրենց ունեցած քաղաքական իրական ռեսուրսը. սնոբիզմի ու մեծամտության ախտը մեզանում շատ հաճախ է ոչնչացնում երբեմն անգամ առաջին հայացքիդ դրական, պետականակենտրոն միավորներին: Նախկին ձախողումները մեզանում, սովորաբար, լավագույն խորհրդատուի դերակատար այդպես էլ չեն դառնում:
— Մեդիա ֆիգուրանտ դառնալը, սոցիալական ցանցերում, երբեմն էլ նաև կենցաղային կյանքում ճանաչելի դառնալը երբեմն սին վիճակներ են ստեղծում, թե քաղաքական կյանքում նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել ու հաղթանակներ տոնել. քաղաքական կյանքը, սովորաբար, հակառակն է ապացուցում: Կապ, սակայն կորելացիա չկա ճանաչելիության ու հաղթանակի միջև:
— Առարկայական քննադատությունը չկամությունից չտարբերող շրջանակները հիմնականում խնդիր ունեն երևույթները սթափ, ոչ իռացիոնալ ընկալել-ճանաչել-ըմբռնելու հետ, երբեմն նաև ի վնաս հենց իրենց: Քաղաքական գործունեությունների պարագայում դա նաև հանրային քաղաքական հետևանքեր է ունենում:
— Կարևոր է հասկանալ, թե ներկա իրողությունների պայմաններում ձեր համար առաջնահերթը ԱԺ-ում ամեն գնով հայտնվելն է, թե գործող իշխանությունից ամեն գնով ազատվելը: Եթե երկրորդը, ապա ռացիոնալ ու խելամիտ հաշվարկը հուշում է, որ մի կողմ դնելով սեփական ամբիցիաները՝ պետք է կա՛մ դաշինքային իրատեսական ֆորմատ ընտրել, կա՛մ աջակցել ընդդիմադիր առավել մեծ ու կարող ուժերին, անգամ եթե վերջինների հետ դուք ունեն տարակարծություններ: Պետության սպառնալիք իշխանության հեռացումը կարող է ջանքերի մեկտեղման լավ մոտիվ դառնալ:
— Պետք է հասկանալ նաև մեկ կարևոր փաստ, որ գալիք ընտրությունները հայ մնալ-չմնալու ընտրություններ են, այլ ոչ թե ԱԺ մտնել-չմտնելու գործընթաց: Երբ հնարավոր կլինի ԱԺ-ում միացյալ ուժերով 50+1 տոկոս ունենալ ու ժամանակավոր կոալիցիոն կառավարություն ստեղծել, նոր դրանից հետո, խելամիտ ժամանակ անց, պետք է ԱԺ արտահերթ նոր ընտրություններ կազմակերպել, որտեղ արդեն մրցակցության օրակարգը կլինի ոչ թե երկիրը նիկոլից փրկելը, այլ առավել արդյունավետ կառավարման առաջարկը ՀՀ քաղաքացուն»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...