Օրերս տեղեկացանք, որ քաղաքացիները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով զրպարտիչ, վիրավորական։ Քիչ չեն դեպքերը աշխարհում, երբ ղեկավարի էմոցիոնալ կամ սուր հռետորաբանությունը նրան հասցնում է դատարան։ ԱՄՆ նախագահ Թրամփը, օրինակ, պարբերաբար հայտնվում է դատարանում։ Գրող և լրագրող Քերոլը Թրամփին դատի տվեց զրպարտության համար այն բանից հետո, երբ վերջինս իրեն անվանեց «սուտասան»․ Թրամփը ճանաչվեց մեղավոր և պարտավորեցրեց վճարել մոտ 90 մլն դոլար։ Ռեալիթի շոուի նախկին մասնակիցը նույնպես դատի էր տվել և շահել։ Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ տարբեր տարիներին քաղաքացիներ ներկայացրել են հայցեր՝ պնդելով, որ նրա հայտարարությունները վնասել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Արգտենտինայի նախագահ դառնալուց հետո Խավիեր Միլեյն է զրպարտության և վիրավորանքի համար ներկայանում դատարան։ Փաշինյանը բացառությւոն չէ, բայց շատ ակտիվ է։ Նրան բազմիցս են դատի տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Արտահայտության համար, թե՝ ՔՊ-ն «ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», քաղաքացի Լուսինե Ավագկյանը և Բագրատ սրբազանը դատի են տվել՝ պահանջելով ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։
Պետության ղեկավարի պաշտոնը ենթադրում է ոչ միայն լայն լիազորություններ, այլև բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հրապարակային խոսքի համար։ Նախագահի կամ վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել մարդկանց հեղինակության, բիզնեսի, քաղաքական գործընթացների և նույնիսկ հասարակության ընդհանուր մթնոլորտի վրա։ Առավել ևս բարձր պաշտոն զբաղեցնող անձից սովորաբար ակնկալվում է, որ նա կխոսի փաստերի հիման վրա, կխուսափի չապացուցված մեղադրանքներից և կհարգի յուրաքանչյուր մարդու պատիվն ու արժանապատվությունը։ Եթե երկրի ղեկավարն իր խոսքում հաճախ օգտագործում է անձնական վիրավորանքներ, պիտակավորումներ կամ հնչեցնում է մեղադրանքներ, որոնք հետագայում վիճարկվում են դատարանում, դա կարող է ազդել հասարակության քաղաքական մշակույթի վրա։ Քաղաքացիները հաճախ առաջնորդվում են այն օրինակով, որը տալիս են երկրի բարձրագույն պաշտոնյաները։
Երբ երկրի ղեկավարի դեմ զրպարտության հայցերը հասնում են տասնյակների, դա ցույց է տալիս թե՛ տվյալ անձի քաղաքական դիմանկարը, թե՛ երկրի պետական ինստիտուտների վիճակը։ Դա խոսում է ներքին զսպաշապիկների բացակայության և խոսքի պատասխանատվությունը չգիտակցելու մասին։
Հարցի մյուս կողմը դատարանների նկատմամբ հանրային վստահությունն է։ Կարևոր է, թե ինչպիսին են դատարանների վերջնական որոշումները, որքան հաճախ են հաստատում զրպարտության կամ վիրավորանքի փաստը, երբ առնչվում է պետության ղեկավարին։ Դատարաններն ունե՞ն բավարար անկախություն՝ նման հայցերն ընդունելու, քննելու և նույնիսկ երկրի ղեկավարին մեղավոր ճանաչելու համար։ Այ այստեղ մենք ունենք խնդիր։
Այդ մարդը ասել է՝ դատավորները վնգստում են, հետո շրջափակել է տվել դատարանների դռները, հիմա էլ դատարաններին համարում է կաշառակեր, կոռումպացված։ Բայց այս բոլոր դեպքերում չենք գտնի դատավոր, որ ըմբոստացել է։ Մի դատավոր ենք ունեցղել, որ Նիկոլի ասածին, թե՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի», ասել է՝ այդ դատավորը ես եմ։ Քաղաքացին ըմբոստացել է ու դատի է տվել իրեն վիրավորելու համար, դատավորները կուլ են տվել վիրավորանքը։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Թե՞ վախեցել են խոսեն ու ԲԴԽ-ն դադարեցնի լիազորությունները։ Թեպետ ԲԴԽ-ին էլ է վիրավորել Նիկոլը։ Ո՞ւմ նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր կոռուպցիոներ դատավորներ․ բնականաբար՝ նրանց, ովքեր իր սրտին հաճելի որոշում չեն կայացնում։ Ու դրանով նա կոչ է անում, փաստորեն, կայացնել իր ուզած վճիռները՝ թիրախում չհայտնվելու համար։ Ու այսօր Նիկոլի զրպարտության հայցերը գնում են դաստարաններ, որոննց անվանում է կոռուպցիոներ, կաշառակեր։
Մենք խոսեցինք դեպքերի մասին, երբ երկրի ղեկավարին դատի են տվել քաղաքացիները։ Բայց կան նաև դեպքեր, երբ դատական համակարգն է դատի տվել երկրի ղեկավարին՝ իր հասցեին վիրավորանքների, զրպարտության համար։ Իհարկե՝ ոչ Հայաստանում։ Թուրքիայում Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո դատավորների և դատախազների մասնագիտական միավորումները բազմիցս դիմել են դատարաններ կամ այլ իրավական միջոցների՝ պնդելով, որ նախագահի խոսքերը վիրավորում և վարկաբեկում են ամբողջ դատական իշխանությանը։ 2020-ին Բոլիվիայում մի շարք դատավորներ դատի տվեցին նախագահին՝ իրենց պատիվն ու հեղինակությունը վնասելու հայցով։ Երբ 2023-ին Քենիայի նախագահ Ռուտոն մեղադրեց որոշ դատավորների կոռուպցիայի մեջ, բազմաթիվ իրավաբաններ կազմակերպեցին բողոքի ակցիաներ։ Երբ Բեռլուսկոնին վարչապետ էր, իտալացի մագիստրոսներ և դատավորների ասոցիացիաներ զրպարտության քաղաքացիական հայցեր են ներկայացրել նրա դեմ, քանի որ դատավորներին և դատախազներին հաճախ անվանում էր «քաղաքականացված», «կոմունիստներ» և անգամ «հոգեպես անհավասարակշիռ»: Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուի դեմ են հայցեր ներկայացվել ժամանակին։ Մեր դատավորների նման չեն ասել՝ դա մեզ չի կաշկանդում, մեզ նկատի չուներ։ Իսկ Մեքսիկայում դատավորների պատիվը նախագահից պաշտպանեց Գերագույն դատարանի նախագահը, իսկ դատավորները դուրս եկան փողոց և զանգվածային գործադուլներ սկսեցին կառավարության դեմ։ Հլը պատկերացրեք, Նիկոլի՝ դատավորներին վիրավորող ելույթից հետո ՍԴ նախագահ Դիլանյանը բռնի Վլադիմիր Վարդանյանի ու Սեդա Սաֆարյանի ձեռքը և դուրս գան փողոց։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր որոշումները կասեցրած դատավորներին անվանում էր «կողմնակալ», «սարսափելի» կամ «Օբամայի դատավոր», ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ։ Նույնը Իսրայելում կատարվեց՝ Նեթանյահուի դեմ:
Այսինքն, այլ երկրներում լինում են հայցեր, պատասխան հայտարարություններ ասոցիացիաների, փաստաբանների, դատավորների, բարձրագույն դատարանի, ընդհանուր մասնագիտական դաշտի կողմից։ Որ երկրի ղեկավարը դատավորներին անվանի կոռուպցիոներ ու կաշառակեր և արձագանք չսդտանա այդ դաշտից, տարօրինակ է։ Այո, դատավորներն ավանդաբար խուսափում են անհատական քաղաքացիական հայցեր ներկայացնելուց երկրի ղեկավարների դեմ, որպեսզի չներքաշվեն քաղաքական բանավեճերի մեջ։ Այդ իսկ պատճառով, առավել հաճախ գործադիրի ղեկավարի զրպարտության դեմ իրավական գործընթացներ սկսում են դատավորների արհմիությունները, Բարձրագույն դատական խորհուրդները՝ ցույց տալու համար, որ թիրախավորվել է ողջ ինստիտուտը, այլ ոչ թե մեկ անհատ: Մեզ մոտ չկա դա, ու մեզ մոտ կա խորը հիասթափություն դատական համակարգի նկաըտմամբ էլ, այն ամեն օր վիրավորող, SMS-ով կամ հրապարակային որոշումներ պարտադրողի նկատմամբ էլ։ Այ դրա համար էլ Նիկոլի դեմ հայցերը մի քանի տասնյակ են, ոչ թե հազարներ։ Իմ կարծիքով՝ չեն վստահում համակարգին։
Կարճ ասած՝ պետության ղեկավարի հեղինակությունը ձևավորվում է ոչ միայն նրա որոշումներով, այլև նրա խոսքով։ Մեր երկիրը ներկայացնողի մոտ չկա պատասխանատվություն ոչ մի բանի, նաև՝ իր խոսքերի նկատմամբ։ Ղեկավարը, ով պարբերաբար զրպարտում է քաղաքացիներին կամ հակառակորդներին, թուլացնում է պետական ինստիտուտների հեղինակությունը և բարոյական իրավունք չունի ներկայացնելու ժողովրդին։ Նմանները ժամանակի ընթացքում իրենց ուրույն տեղն են գրավում պատմության ու քաղաքական աղբանոցում։
Սևակ Հակոբյան






