Փաշինյանը երկրորդ անգամ «հանձնեց» որդուն․ «Հրապարակ»

24 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Փաշինյանների ընտանիքի զավակը՝ Աշոտ Փաշինյանը, երեկ երկրորդ անգամ «հանձնվեց» հոր կողմից: Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դա արել էր իր բերած պատերազմում ջախջախիչ պարտությանը հաջորդած առաջին տարում՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց` համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցեն իր որդուն` Աշոտ Փաշինյանին գերիների դիմաց փոխանակելու առաջարկը։ «Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ գործիքն է կամ հուսահատ քայլ է՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- այն ժամանակ հայտարարել էր նա։

Երկրորդ անգամ Փաշինյանը որդուն՝ Աշոտին, Բաքվին «հանձնեց» երեկ, բայց արդեն ոչ թե պատանդի, այլ հանցագործ-ահաբեկչի կարգավիճակով: «ՏՊԼ-ն, ՍՔ-ն եւ ՌՍ-ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորն ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»,- իր ֆեյսբուքյան էջում գրած այս տողերով Փաշինյանը փաստացի ու բառացի Հայաստանն օկուպանտ հռչակեց, իսկ ՊԲ-ում զինծառայություն անցած երիտասարդներին, այդ թվում՝ իր որդի Աշոտին՝ հանցագործ-ահաբեկիչներ, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանից իբրեւ թե օկուպացված տարածքում 2 տարի շարունակ զինվորական պատրաստություն են անցել:
Փաշինյանը չբավարարվեց այսքանով, մի քանի ժամ անց նորից պնդեց իր տեսակետը՝ այս անգամ սլաքներն ուղղելով միայն առաջին նախագահին եւ պահանջելով բացատրել. «ՏՊԼ-ին ո՞վ եւ ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ցուցմունք է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ, բայց գիտակցո՞ւմ է արդյոք, որ այդ ցուցմունքի թիրախում ոչ միայն ՀՀ նախկին նախագահներն են, այլեւ հազարավոր զինվորականներ, նաեւ` սեփական որդին, որը 2018 թ. մայիսի 27-ին հոր հերթական ուղիղ եթերի ժամանակ նրա կողքին կանգնած էր եւ ասում էր, որ կամավոր որոշում է կայացրել՝ մեկնել Արցախ, ու այդ որոշման հիմքում ընկած է իր վերլուծությունը, որ «Արցախյան կոնֆլիկտի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղություն հաստատելը հայկական ձեռքերում է, եւ դրա միակ արժանապատիվ եւ էֆեկտիվ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է», եւ ինքը որոշել է նպաստել դրան:

Իսկ արդեն 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ծառայության մեկնելիս, «Զինուժ» մեդիայի տեսախցիկի ու խոսափողի առաջ խրոխտ դեմքով ու գոհ ժպիտով Աշոտը հայտարարում էր, որ կամավոր է Արցախ մեկնում. «Ինձ էստեղ բերել ա մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը եւ այն փաստը, որ այսօր էդ իրավունքը ոտնահարվում ա: Ինձ էստեղ բերել ա երջանիկ կյանքի համար պայքարը: Գնում ենք հաղթելու, գնում ենք երջանիկ ապրելու, գնում ենք մեր եղբայրների ու քույրերի համար երջանկություն կառուցելու»: «Ազատություն» ռադիոկայանին էլ Աշոտ Փաշինյանն ասաց. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել»։

Այն, ինչ հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը, մաքուր ադրբեջանական նարատիվ է: Բաքվում այդ նույն մեղադրանքներով այսօր դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս հայերին: Նիկոլ Փաշինյանի այսօրվա տրամաբանությամբ, Աշոտ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ եւ ոչ մեկ անգամ, ասել է՝ կամավոր է գնում եւ փոքրուց է այդ որոշումը կայացրել, այսինքն՝ նրան ոչ ոք չի ստիպել, դա իր ազատ ընտրությունն  է եղել: Այսինքն, նա հայտարարել է, որ գնում է ադրբեջանապատկան տարածք, գնում է օտար պետությանը պատկանող հողի, իբրեւ թե, օկուպացիան էլ ավելի ամրացնելու, ասել է թե՝ գնում է որպես «զավթիչ»:

Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանն իր հայտարարությունների հետեւանքները, ի դեպ, ոչ միայն որդու, այլեւ հենց իր համար: 2018-ի հուլիսի 26-ին ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսելով որդու զինծառայության մասին՝ Փաշինյանն ինքն էր հայտարարել. «Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաեւ նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք կսկսենք պատերազմել, չնայած չենք ուզում»: Իսկ ամբողջ ծառայության ընթացքում Փաշինյանները՝ ընտանյոք հանդերձ, զինվոր որդու հետ հայրենասիրական զեղումներով ֆոտոսեսիաներ էին տարածում Արցախից, այսինքն՝ նրանք ընտանիքով են խրախուսել, ինչպես Փաշինյանն է այսօր ասում` 18 տարեկան զինվորներին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս տեղակայելը:
Անշուշտ, սա ո՛չ առաջին, հավանաբար, ո՛չ էլ վերջին դրվագն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ իր հրապարակային խոսքը զրո արժեք ունի, որ, կախված իրավիճակից եւ նպատակահարմարությունից, կարող է մեկ վայրկյանում փոխել խոսքը, հրաժարվել կամ գլխիվայր շուռ տալ: Ի դեպ, օրվա ֆեյսբուքյան հախուռն գրառումների արանքում Փաշինյանը մի հրապարակային խոստովանություն էլ հասցրեց անել: Այս անգամ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կեղծ օրակարգի վերաբերյալ: Ժողովրդավարությանը վերաբերող քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ կառավարության խնդիրը ԵՄ ստանդարտներին հասնելն է, եւ որ «մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին հասնելն է, որովհետեւ, երբ մենք էդ կետին հասնենք, կընդունվենք՝ լավ, չընդունվենք` մենք մեր խնդիրը լուծել ենք»: Փաստ է, որ մոռացել է, որ իր խորհրդարանական մեծամասնությունն օրենքի ուժ է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին: Հավանաբար, գիտակցում է այս օրակարգի անիրատեսական լինելն ու արդեն այս գլխից իրեն հատուկ «կռուտիտներն» է անում: Մի զավեշտալի դրվագ էլ՝ նույն քննարկումից․ Փաշինյանը ենթագիտակցաբար, լեզվի սայթաքումով, մատնեց իրեն, որ մտածում է նաեւ ընտրություններ կեղծելու մասին: Խոսելով իր իշխանության՝ իբրեւ թե ժողովրդավարական ձեռքբերումների մասին, նա հարցրեց. «Հայաստանում մենք կարա՞նք ընտրություն կեղծենք, չենք կարա, ոչ թե նրա համար, որ չենք ուզում կամ ուզում ենք… », ապա փորձեց հումորի տալ ու հայտարարեց` «չի կարա դա տեղի ունենա»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում իր ելույթում անդրադառնալով ԵՄ-ի հետ մերձեցման...

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

  Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhubհարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան: Մասնավորապես, համագործակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների,...

Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում

Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։ Shamshyan.com-ի...

«Ի դեպ»․ 7 հատիկ ծիրան՝ ԵՄ-ին, 2,5 միլիարդ դոլարի վնաս՝ հայ արտադրողին

«Ի դեպ»․ 7 հատիկ ծիրան՝ ԵՄ-ին, 2,5 միլիարդ դոլարի վնաս՝ հայ արտադրողին

Ի դեպ, Եվրամիություն է հասել ծիրանի «առաջին խորհրդանշական խմբաքանակը»՝ 7 հատիկ: Մինչ օգտատերերը ծաղրում են ծիրանն առաքած Դավիթ Խուդաթյանին՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ բագաժով է տարել այդ մեծ խմբաքանակը կամ իմաստը ո՞րն էր ծիրանը անձամբ տանել-գովազդելու, երբ բերքը...