Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է․ «Հրապարակ»

1 Հուլիսի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռեւս չձեւավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը խորհրդարանի խոսնակի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին, վերջինը նաեւ ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։

Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը ներկայում կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաեւ՝ ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» եւ Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը եւ հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին: Սակայն իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաեւ դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»՝ կարծում են թիմակիցները, եւ, նրանց կարծիքով` ծույլ եւ անհավասարակշիռ Ռուբինյանին առաջ չէր մղի: Հատկապես որ Սիմոնյանը, ըստ թիմակիցների, ոչ միայն անձնուրաց ծառայել է Փաշինյանին ու թիմին, այլեւ բալանսավորված արտաքին հարաբերությունների կողմնակից է: Չնայած` Փաշինյանի պասով պարբերաբար կսմիթներ է ուղղել ՌԴ-ի հասցեին, բայց ընդունելի անձ էր ռուս գործընկերների համար։ Մինչդեռ Ռուբինյանը դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուն եւ ակնհայտ ռուսաֆոբ է։
Ոմանք հիշում են, որ 2018 թ. իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական առաջին ընտրություններից հետո, երբ իշխող թիմը կրկին խորհրդարանական պաշտոններ բաշխելու գործընթացի մեջ է եղել, վարչության նիստում Տիգրան Ավինյանը բարձր պաշտոններից մեկի համար առաջարկել է Ռուբեն Ռուբինյանին, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չի թաքցրել նրա նկատմամբ իր վերաբերմունքը եւ մի արտահայտություն է արել, թե Ռուբինյանը 6-7 ամիս արտաքին գործերի փոխնախարար էր, ի՞նչ է արել, որ էս մարդուն ուզում եք ավելի բարձր պաշտոնի կարգել: Այսինքն, գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբինյանն աշխատող չէ եւ չի կարող ղեկավար, պատասխանատու պաշտոն զբաղեցնել։

Իհարկե, 18-ից ի վեր շատ բան է փոխվել, եւ շատ հարցերում է Փաշինյանը փոխել իր դիրքորոշումը, բայց թիմում վստահ են, որ Ռուբինյանի հարցում դիրքորոշման փոփոխությունը բացառապես արտաքին ազդեցությամբ է պայմանավորված: Նույն հանգամանքով են ՔՊ-ում պայմանավորում նաեւ խմբակցության ղեկավարի նշանակումը, որ դա լինելու է ամերիկյան քաղաքականության կրող Մակունցը, թեպետ թիմում նրա դեմ մեծ հակաքարոզչություն է գնում։

ՔՊ-ում նաեւ վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից եւ վարչությունում ընտրություններից հետո էլ չի կարողացել թաքցնել զգացմունքները ու արագ դուրս է եկել ՔՊ գրասենյակից՝ թիմակիցների կողմը նետելով, որ «լավ էլ անկեղծ են»: Երկրորդ․ նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ ամենայնի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական եւ տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է Անդրանիկ Քոչարյանից վերցնեն` տան Արմեն Խաչատրյանին։ Ընդդիմությանն էլ կզիջեն այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էին զիջել։

 

Նմանատիպ նյութեր

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։ Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց...

Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք՝ ֆեյք եք հակահայկական երանգներով․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին 

««Իրական Հայաստանի» ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել։ Կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական...

Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հրահանգել է գործողություններ իրականացնել Քոչարյան ընտանիքի նկատմամբ․ Ագնեսա Խամոյան

  «Առավոտյան ժամը 7-ից սկսած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության, եթե չեմ սխալվում, Ալֆա ջոկատի ծառայողները՝ մարդիկ, որոնց ֆունկցիան ամենևին այն գործողությունները չեն, որոնք հիմա իրականացնում են...

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ,...

Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից բացի ձերբակալվել է ևս 4 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից բացի ձերբակալվել է ևս 4 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Բացի Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից ձերբակալվել է ևս 4 անձ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս...