Կենտրոնական Ամերիկայում գտնվող Պանամայի հարավում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պիտալոսաս Արիբա բնակավայրի շրջանում՝ Պանամայի հարավային ծայրակետից ոչ հեռու։
Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Պանամա Սիթիում։ Հետցնցումները շարունակվում են։ Զոհերի և ավերածոությունների մասին այս պահին տվյալներ հայտնի չեն։
Երկրաշարժից հետո Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի ափամերձ շրջանների համար հայտարարվել է ցունամիի վտանգի նախազգուշացում։
ԱՄՆ-ը մոբիլիզացնում է ռեսուրսներն ու անձնակազմը՝ ուժեղ երկրաշարժից հետո Պանամային օգնություն ցուցաբերելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցել տուժած երկրին։
«Միացյալ Նահանգները սատարում է Պանամայի ժողովրդին։ Պանամայի կառավարության խնդրանքով՝ Պետդեպարտամենտն անհապաղ մոբիլիզացնում է ռեսուրսներն ու անձնակազմը՝ օգնություն ցուցաբերելու համար», — հայտնել է Ռուբիոն։






