Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն

Ապր 8, 2025

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների ցանցի հայտարարությունը Արցախի  հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ․

«Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։

Իրավական հիմնավորում և դիրքորոշում․

1. Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:

2. Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:

3. Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:

4. Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:

5. Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:

Մեր իրավական պահանջները․

1. Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:

2. Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:

3. Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:

Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Լուսաստղ» ՀԿ

08.04.2025թ.»։

Նմանատիպ նյութեր

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապին վերջին...

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ 1․ «Ապօրինի...

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Դավիթ Մելքումյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորստին հանգեցրած ողբերգական իրադարձություններին։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգեցրին հայերի տեղահանության, շարունակում են թեժ վեճերի և...

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ-ուղերձ է տարածել միջազգային լրագրողական կազմակերպություններին, որում նշված է․ «Հարգելի գործընկերներ, Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր...

Ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿ

Ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը...