Օկուպացված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված ոչնչացման. բողոք-դիմում

15 Սեպտեմբերի, 2026

Արցախյան, հայաստանյան և սփյուռքյան հասարակական կազմակերպությունները և առանձին գործիչներ բողոք-դիմում են հղել  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին:
«Մենք՝ ներքոստորագրյալ արցախյան, հայաստանյան և սփյուռքյան հասարակական կազմակերպություններս և գործիչներս, վճռական բողոք ենք հայտնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածք օտարերկրյա ներկայացուցիչների այցերի և այդ այցերի ընթացքում իրականացվող անթույլատրելի հրապարակային գործողությունների կապակցությամբ։

Նման այցերը չեն կարող դիտարկվել բացառապես որպես մասնավոր, զբոսաշրջային կամ մշակութային միջոցառումներ։ Դրանք իրականացվում են մի տարածքում, որտեղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված ոչնչացման, փոփոխման, յուրացման և դրա հայկական ինքնության ջնջման։

Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության այլ վայրեր օտարերկրյա ներկայացուցիչների այցելությունները, որոնք ուղեկցվում են հրապարակային լուսանկարներով և պաշտոնական հայտարարություններով՝ առանց տեղահանված հայ բնակչության վիճակի և նրա մշակութային ժառանգության աղետալի վիճակի պատշաճ գնահատման։

Նման գործողությունները Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվում են՝ միջազգային ճանաչման և ընդունելիության տպավորություն ձևավորելու համար՝ քաղաքական-իրավական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի ապօրինի կիրառմամբ և էթնիկ զտմամբ լուծելու քաղաքականության նկատմամբ։

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար, ներառյալ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ իրականացվող գործողությունները։ Դատարանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության 41-րդ հոդվածի հիման վրա կիրառված ժամանակավոր միջոցներն ունեն պարտադիր բնույթ։

Այս համատեքստում հայկական ժառանգության օբյեկտներ այցելելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան միջազգային իրավական պարտավորությունները և դրանց պահպանման համար առկա՝ փաստագրված ռիսկերը։

Վերոգրյալի կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին.
1. Պատշաճ քաղաքական և իրավական գնահատական տալ իրենց ներկայացուցիչների՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածք կատարած այցերին։
2. Պահանջել տեղեկատվություն նման այցերի նպատակների, ձևաչափի, իրավական և էթիկական հիմքերի վերաբերյալ։
3. Չմասնակցել այն միջոցառումներին, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի՝ Արցախի, նրա ժողովրդի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող հանցավոր քաղաքականության միջազգային լեգիտիմացմանը։
4. Հայկական մշակութային և կրոնական օբյեկտներ այցելելիս հաշվի առնել դրանց պատմական պատկանելությունը և հայկական ինքնության պահպանման խնդիրները։
5. Ադրբեջանի իշխանությունների առջև բարձրաձայնել հայկական եկեղեցիների, վանքերի, հուշարձանների, գերեզմանատների, թանգարանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների պահպանության հարցերը։
6. Պահանջել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի սահմանած պարտավորությունների անվերապահ կատարումը, ինչպես նաև ապահովել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ, արժանապատիվ և առանց խտրականության վերադարձի իրավունքի իրականացումը։
7. Դիվանագիտական և միջազգային համապատասխան հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել և պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իր հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը՝ որպես նրա հիմնարար իրավունքների և արդար ու կայուն խաղաղության անբաժանելի բաղադրիչ։
8. Դիվանագիտական և միջազգային համապատասխան հարթակներում հետևողականորեն պահանջել Ադրբեջանի իշխանություններից ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության անարգել մուտքը Արցախ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգության վիճակը գնահատելու և դրա վերաբերյալ մասնագիտական զեկույց պատրաստելու նպատակով։
9. Ձեռնպահ մնալ հրապարակային գործողություններից, որոնք կարող են օգտագործվել՝ միջազգային հանրության շրջանում Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքների միջազգային ճանաչման կամ ընդունելիության տպավորություն ստեղծելու, ինչպես նաև բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքը շրջանցելու կամ նսեմացնելու համար։

Մենք ակնկալում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտոնապես կքննարկեն սույն դիմումը և անհապաղ կձեռնարկեն համապատասխան դիվանագիտական քայլեր»։

Նմանատիպ նյութեր

Թեկնածու ծնողին զգուշացնում են` «տղեդ բանակում ա ծառայում»․ Գեղամ Մանուկյան

  «Առաջիկայում Հայաստանի տարբեր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և ձեզ հետ ամենաշատն առնչվողը հենց դրանք են: Իրականում խորհրդարանական ընտրություններից հետո, սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛...

78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի  ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի...

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին

  ««Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հանդիպի Աննա Հակոբյանի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում...

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն այս ամիս

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն այս ամիս

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։ «Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի...

Դու ապրում ես քո թողած բարության մեջ, քո խոսքերի, գործերի ու արժեքների մեջ․ զոհված զինծառայողի հայր

Դու ապրում ես քո թողած բարության մեջ, քո խոսքերի, գործերի ու արժեքների մեջ․ զոհված զինծառայողի հայր

44-օրյա պատերազմին զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը․ «Ալբե՛րտ, տղաս… Այսօր դու պետք է նշեիր քո 25-ամյակը։ Այս օրը պետք է լիներ իսկական տոն՝ քո կողքին, քո ժպիտով, քո ձայնով ու քո ներկայությամբ։ Պետք է հավաքվեինք, շնորհավորեինք...