Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

1 Սեպտեմբերի, 2026

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի տիրապետության տակ է՝ մնա իրենց։ Հետո էդ բանակցությունները թե ինչպես ընթացան, արդյունքում պարզվեց, որ ինչը մերն է և ինչը մեր տիրապետության տակ է՝ հանձնվեց ու հանձնվում է Ադրբեջանին, ինչը մերն է և նրանց տիրապետության տակ է, շարունակում է մնալ իրենցը։

Փաշինյանի իշխանությւոնը մեր երկրից պատրաստվում է հերթական տարածքը հանձնել Ադրբեջանին՝ սահմանագծման-սահմանազատման անվան տակ։ Ու առաջին վտանգը կախված է Տիգրանաշենի գլխին, որին արդեն ադրբեջանական անունով է կնքել։ Բնականաբար՝ այս հանձնողական տրամադրությունը հիմնավորում է նրանով, որ պատերազմ չլինի։ Այդ՝ «որ պատերազմ չլինի» թեզը եղել է սրանց՝ հայկական տարածքներից հրաժարվելու, ադրբեջանական բազմաթիվ նախապայմաններն ու պահանջները կատարելու միակ հիմնավորումը։

Թե բա՝ ասել եմ Քյարքի, որ պատերազմ չլինի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ․ վաղը նույն կերպ ադրբեջանական անուն է տալու հայկական մյուս տարածքներին, գյուղերին ու քաղաքներին, որպեսզի, ըստ իրեն, պատերազմը հետաձգի: Իրեն կարելի է հարցնել. իսկ Սևանի ու Երևանի՝ քո պատկերացրած անունները որո՞նք են։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին հարցնում են՝ ինչո՞ւ եք խոսում զիջումների մասին, երբ Ադրբեջանում չեն խոսում: Ինչ-որ հիմնավորումներ է տալիս՝ ընդդիմությանը մեղադրելով։ Արարատ Միրզոյանն էլ, վստահաբար, գիտի, որ Ադրբեջանում անկլավների մասին չեն խոսում, քանի որ իրենք ոչինչ չեն պատրաստվում վերադարձնել։ Ես այլ պատճառ չեմ գտնում։ Այստեղ ամեն օր անկլավներից, հանձնումներից խոսում է առաջին հերթին իշխանությունը, ու տպավորություն է՝ որովհետև ոչ միայն պահանջում են, ստիպում են, այլ ինքն իր հերթին կրակն է ընկել մեր տարածքների ձեռքը, ուզում է տալ-ազատվել։

Ըստ Նիկոլի՝ «Եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ մենք Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»։ Նորություն էր․ տպավորություն է, թե սրանք չեն հրաժարվել մեր տարածքներից, որոնք օկուպացրել է Ադրբեջանը։ Արցախից չեմ խոսում, խոսում եմ Հայաստանի տարածքներից, որոնք որը զենքով, որը հենց այնպես հանձնվել են Ադրբեջանին։ Կա՞ որևէ քայլ, որ արվել է դրանց վերադարձի համար։

Երեկ՝ օգոստոսի 31-ին, Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Տեքստ տարածեցին, թե քննարկել են նաև պետական սահմանի սահմանազատման հարցը և հանձնաժողովների աշխատանքի կարևորությունը՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։ Դե ժողովրդին ասեք՝ էդ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեր միջև, որոնք վերաբերում են միայն մեր հանձնումներին։ Եթե այսօր կա որևէ տարածքային հարց, ապա այն միանշանակորեն պետք է վերաբերվի Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի դուրս գալուն։ Այս հարցով բանակցություն ընթանո՞ւմ է։ Ոչ․ սահմանազատման թեման ի՞նչ կապ ունի Ջերմուկի տարածքների օկուպացիայի հետ։ Երբևէ Նիկոլը բարձրացրե՞լ է Ադրբեջանի դուրսբերման հարցը Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքից։ Ոչ, ասում է՝ զենքով բացառվում է, բանակցություններով կլուծենք։ Բայց ոչ էլ բանակցում են։ Արդեն 4 տարի է՝ օկուպացված են այդ տարածքները։ Ու սրանք խոսում են դեռ Ադրբեջանին հողեր հանձնելու մասին։

Այդ բանակցությունների ընթացքում երկու բան է տեղի ունեցել․ սրանք հանձնել են էլի տարածքներ, մեկ էլ ԱԳ նախարարության անունը վերանվանել են «միջազգային առևտրի նախարարություն» ու շարունակել սակարկումները մեր տարածքների վերաբերյալ։

Հայկական տարածքում եղել են ընտրություններ, էդ տարածքում, ըստ պաշտոնական թվերի, ընտրել են Նիկոլին, հիմա ասում է՝ հանձնում եմ դա․ գուցե՝ ժողովուրդն էլ մեջը։ Միանգամից գլխացավանքից կպրծնի։ Եթե երեկ քանդում էին իրեն ընտրողների տները, ինչո՞ւ վաղը չեն հանձնի Ադրբեջանին։

Ասում է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ, և անվանում է ադրբեջանական անունով, իսկ Արծվաշենը հայկական տարածք է։ Հիմա գտեք մի հայտարարություն ադրբեջանական կողմից, որ Արծվաշենը հայկական է, և նրանք վերադարձնելու են։ Գտեք մի հատ հայտարարություն։ Չեք գտնի, չկա։ Որովհետև, վստահաբար, չեն պատրաստվում վերադարձնել։ Չեմ խոսում այն մասին, որ Արծվաշենը Հայաստանից լրիվ կտրված է։ Խոսում եմ այն մասին, որ անգամ դա վերադարձնելու որևէ խոսք չկա։

Քանի անգամ հիշել եմ այս եթերում դրա խոստումները, որ՝ «մենք կվերադարձնենք 8 գյուղ, կստանանք 32 գյուղի կենսական նշանակության տարածք»։ Տավուշից հանձնել եք արդեն, ի՞նչ եք ստացել․ մի քանի հատ սյուն։ Ու ասել է՝ հանձնել ենք ու ստացել խաղաղության երաշխիք։ Այ էսպես «խաղաղության երաշխիք», «եթե այսպես չանենք՝ պատերազմ կլինի» խոսույթներով նա ջրել է Ադրբեջանից տրվելիքների թեման։

Արարատ Միրզոյանը, երբ իբր ցրում է թեման, թե ինչու Ադրբեջանում չեն խոսում հանձնումների մասին, վստահաբար գիտի՝ չեն խոսում, որովհետև չեն տալու, չեն պատրաստվում։ Չկա նման մտադրություն։ Ու սրանք արդեն պետք է մտածեն, թե ինչպես հիմարացնել մարդկանց հերթական անգամ՝ հիմնավորելով Ադրբեջանի չհանձնումները․ «Տալիս ենք, որ պատերազմ չլինի, չենք պահանջում, որ պատերազմ չլինի»։

Ժողովուրդ ջան, ընտրությունների ավարտից հետո ընդամենը էս երկու ամսում քա՞նի անգամ եք արդեն սրանցից լսել հանձնումների մասին․ չեմ հասկանում՝ էդ ինչ ձգտում է ամեն օր կանգնել ու խոսել, թե մենք ինչ պետք է հանձնենք։ Կարծես Ադրբեջանին գործարք առաջարկի՝ Սահմանադրությունը չեմ կարող փոխել, բայց դեռ հանձնումներով բավարարվի։

Կարճ ասած՝ հայ ժողովրդի ողբերգությունն է, որ իշխանության է մի ուժ ու մի մարդ, որը Հայաստանի տարածքները հեշտ ու հանգիստ նվիրում է․ ուզում է՝ զոհերով, ուզում է՝ առանց զոհերի, առանց կրակոցների։ Մարդիկ, ում սահմանադրական պարտականությունն է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը, այդ ամբողջականությունից հրաժարվել են ու մունաթ են գալիս, թե նրանք, ովքեր չեն ուզում հանձնել, պատերազմ են ուզում։ Հանձնումների նպատակը խաղաղությունը չէ, նպատակը հայկական տարածքների հանձնումն է խաղաղության անվան տակ։ Հայաստանի գլխավոր ոչ հայկական բանը Հայաստանի այսօրվա կառավարությունն է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...