Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարել. Լիլիթ Գալստյան

9 Հունիսի, 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ /ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ/ նախնական եզրակացությունը մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել։ Բնականաբար, զեկույցը կարող էր առավել ընդգրկուն, օբյեկտիվ, կոշտ և հասցեական լինել։

Այդուհանդերձ, այդտեղ տեղ են գտել առարկայական գնահատականներ, որոնց մի մասին անդրադարձել ենք իրենց փոխանցված նախընտրական խախտումների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատրաստած երկու տեղեկանքում, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների հետ ընտրությունների նախօրյակին իմ և Արթուր Խաչատրյանի հանդիպումների ընթացքում։

Մասնավորապես արձանագրվում է՝

  • «Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։
  • Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ։
  • Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից։
  • 2026 թ․ կատարված որոշ լրացուցիչ փոփոխություններ ներդրվել են արագացված կարգով, սահմանափակ քննարկումների պայմաններում և առանց քաղաքական ուժերի լայն աջակցության, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային լավագույն փորձին:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

  • Հանրային հեռուստաընկերությունը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։
  • Եվրոպական միության և Միացյալ Նահանգների որոշ նշանավոր առաջնորդներ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի կողմից ընկալվել է որպես արտաքին ներգրավվածություն՝ հօգուտ իշխող կուսակցության։
  • Վարչապետը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։
  • Վարչապետը նաև հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով և նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։
  • Ընտրություններից առաջ կառավարության կողմից ներդրվել են մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ, ինչըհակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության և քաղաքական կուսակցությունների միջև հստակ տարանջատում, և կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների) կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը։
  • Լրատվամիջոցների բազմազանությունը էլ ավելի է նվազել այն բանից հետո, երբ ընդդիմության հետ փոխկապակցված «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն 2021-2023 թվականներին կորցրեցին վերգետնյա եթերային հեռարձակման իրավունքը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցված «Շողակաթ» հեռուստաընկերությունը վերջերս փակվեց։
  • Հայաստանի հանրային հեռարձակողը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը հեռարձակման ոլորտում՝ օգտվելով պետական կայուն ֆինանսավորումից և միաժամանակ ստանալով զգալի եկամուտներ կոմերցիոն գովազդից։
  • Ի հակադրություն իր իրավական պարտավորությունների և առաքելությանը՝ Հայաստանի հանրային հեռարձակողը «Հ1»-ի լրատվական թողարկումներում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին և բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին):
  • «Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը հատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 և 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգավորմամբ»։

Հ․Գ․ Մնում եմ այն կարծիքին, որ հակառակ աշխարհաքաղաքական նախապաշարումների, կրկնակի ստանդարտների և այլ հանձնառությունների, միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը և հաղորդակցվելը կարևոր է։

Զեկույցի հղումն՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական...

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում, շոգի ալիքի ֆոնին, մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը․ 12 մարդ է զոհվել Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ Բեդար բնակավայրի (Ալմերիա նահանգ) տարածքում...

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի...