Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»

26 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով»: Իսկ երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, էլի մի քանի լրատվամիջոցով «պարզաբանում» տարածեցին՝ գրեթե նույն ձևակերպումներով:

Եթե սրան ավելացնենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, մայրաքաղաքի, ինչպես նաև մարզային որոշ բնակավայրերի առանձին հասցեներում ջրամատակարարումը լինելու է օրական 4-6 ժամով, ապա ամեն ինչ «իր տեղը կընկնի»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե «Գազպրոմը» հայտարարի, որ ձմռան ամիսներին գազասպառման ծավալների աճով պայմանավորված օրական մի 7-8 ժամ գազ չի լինելու: Կամ՝ ինչ կկատարվեր, եթե ՀԷՑ-ը մինչ խլելը նման բան հայտարարեր: Իսկ «Վեոլիա ջուրը» մի օր «արթնացել» ու որոշել է, որ գիշերվա ժամերին ջուր տալու «հավես չունի»: Իհարկե, նախկինում էլ Երևանի այս կամ այն թաղամասում գիշերային ժամերին (հիմնականում՝ ժամը 1-ից 6-ը) ջրանջատումներ էին լինում ամռանը՝ սուսուփուս, առանց բարձրաձայնելու: Իսկ հիմա, ահա, ամբողջ հանրապետությանն են ջրազրկում՝ «հպարտորեն» հայտարարելով:

Թե ինչ վնաս է հասցվելու մարդկանց դրանով՝ կապված հատկապես վաղ աշխատանքի գնացողների, ուշ տուն եկողների կենցաղային խնդիրների հետ, թե ինչ վնասներ է կրելու զբոսաշրջությունը, հավել յալ մասնագիտական հաշվարկների խնդիր է: Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաև հարցը՝ արդյոք ջրանջատումը վերաբերում է միայն անհատ սպառողներին, թե՞ նաև կազմակերպություններին, մասնավորաբար՝ հիվանդանոցներին, ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին և այլն:

Սակայն այս պահին ուշագրավ է, որ իշխանությունները, կարծես, ասելիք չունեն «Վեոլիա ջուր» ընկերությանը: Իսկ գուցե վերջինս հենց Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ օր առաջվա հայտարարությունը, թե «մենք պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը», խիստ յուրովի է հասկացե՞լ: Կամ գուցե հասկացել է այնպես, ինչպես և պետք էր հասկանա՞լ: Ամեն դեպքում հազիվ թե պատահականություն լինի, որ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց «Վեոլիա ջուրը» նման որոշում է կայացնում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ»: Ինչպես երևում է, այդ նոր ճանապարհն արդեն… ճանապարհին է: Դե, ինչպես «ապագան», էլի:

Հ.Գ.-Թերթն արդեն տպարանում էր, երբ հայտարարվեց, թե «կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»: Ասեք, որ հզոր է: Ու զվարճալի: Ու չափազանց կանխատեսելի: Միանգամից երկու նախընտրական ակցիա՝ մեկ օրում: Առավոտյան՝ թոշակները, երեկոյան՝ ջրի գրաֆիկի փոփոխության «չեղարկում»: Հետաքրքիր է, իսկ կառավարությունը նախապես տեղյա՞կ չէր, որ նման որոշում է կայացվելու: Վստահ ենք, որ տեղյակ էր (այդ մասին՝ տես վերևում): Ինչո՞ւ սպասեցին մինչև մեծ աղմուկ բարձրանա: Ճիշտ է՝ միայն նրա համար, որ իրենց հավատացող փոքրաթիվ մարդիկ նրանց ասեն՝ օ՜…

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու գույքը Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ. Տեր Եսայի

Եկեղեցու գույքը Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ. Տեր Եսայի

Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ,...

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ  գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը: Այս մասին yerevan. today-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Դեպքի շրջանակներում կան ձերբակալվածներ։ Օպերատիվ-հետախուզական...

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...