2026թ. հոկտեմբերի 12-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«ՄԱԿ անդամ մի խումբ պետություններ ողջունել են ընդգրկուն բանակցությունների արդյունքները և իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի և Ռուանդայի իրականացրած ջանքերը՝ տարբերությունները կամրջելու, փոխընդունելի լուծումներ գտնելու և համապարփակ ու գործողություններին միտված փաստաթղթի մշակման ուղղությամբ։
Քաղաքական հռչակագիրն ուղղված է համավարակներին և առողջապահական արտակարգ իրավիճակներին դիմակայելու գլոբալ պատրաստվածության ամրապնդմանը, միջազգային համագործակցության խորացմանն, ինչպես նաև պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների և առողջապահական այլ անհրաժեշտ արտադրանքների արդար և հավասար հասանելիության ապահովմանը։
Հռչակագրում ընդգծվում է նաև դիմակայուն առողջապահական համակարգերի ձևավորման, առողջապահական համակարգում աշխատուժի կարողությունների զարգացման, կայուն ֆինանսավորման ապահովման, «Մեկ առողջություն» մոտեցման խթանման և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց կարիքների հասցեագրման կարևորությունը։





