ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

24 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գործադիր իշխանության կազմին և նախարարական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիսին, կուսակցության ներսում այս օրերին առաջնահերթ է դարձել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ կայացած ՔՊ վարչության դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը։ Վարչության երեք անդամ առաջադրվել են Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում՝ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՔՊ վարչությունը կրկին նիստ կհրավիրի, որի ընթացքում արդեն բաց քվեարկությամբ կորոշվի, թե ով է լինելու իշխող ուժի թեկնածուն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Եվ թեև պաշտոնապես պայքարում են երեք թեկնածուներ, այնուամենայնիվ, իրական մրցակցությունը ծավալվում է Ալեն Սիմոնյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։

ՔՊ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը կուսակիցների շրջանում չի թաքցնում, որ ունի Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և նույնիսկ տարբեր քննարկումների ժամանակ հայտարարել է, թե վարչապետի «դաբրոն» ստացել է կրկին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու համար։ Սակայն, Ռուբեն Ռուբինյանն այդ հարցում զիջելու տրամադրություն չունի և պայքարում է մինչև վերջ։

ՔՊ-ի ներսից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մնալ վարչության ամենաազդեցիկ անդամներից մեկը և ունի բավականին ամուր աջակիցների շրջանակ։ Սակայն նրա խնդիրը ոչ թե կուսակցական, այլ հանրային տիրույթում է։ Վերջին տարիներին նրա անվան հետ կապվել են մի շարք աղմկահարույց պատմություններ՝ սկսած քաղաքացու վրա թքելու միջադեպից, զինծառայողի հարազատին հասցեագրված հայհոյանքներից, վերջացրած ընտանեկան և գույքային կոռուպցիոն բնույթի սկանդալներով։ Այդ ամենը, ըստ իշխանական շրջանակների ներկայացուցիչների, լրջորեն հարվածել է նրա հանրային ընկալմանը, որը չի կարեղ ՔՊ-ն անտեսել: Ընդ որում, Ալեն Սիմոնյանն ունի ոչ միայն արտաքին քննադատներ, այլև կուսակցության ներսում իր դեմ աշխատող շրջանակներ, որոնց անցնող տարիներին հասցրել է նեղացնել, վիրավորել, անտեսել։

Հայկ Կոնջորյանի առաջադրումն, ըստ ՔՊ ներսի գնահատականների, ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Մեր զրուցակիցների պնդմամբ՝ նա վարչությունում լուրջ ընտրազանգված չունի և դժվար թե կարողանա հավակնել հաղթանակի։ ՔՊ-ականները չեն մոռացել, որ տարիներ առաջ հենց Ալեն Սիմոնյանն է Կոնջորյանին բերել կուսակցություն, սակայն այժմ վերջինս դուրս է եկել իր նախկին հովանավորի դեմ և մասնակցում է նույն պաշտոնի համար պայքարին։

Բացի այդ, չնայած Կոնջորյանը ղեկավարում է իշխող խմբակցությունը, կուսակցության ներսում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ ՔՊ-ում կան պատգամավորներ և վարչության անդամներ, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ խուսափում են նրա հետ շփումներից՝ բարևից զատ։ Վերջին շրջանում նրա շուրջ ձևավորված բացասական ֆոնին ավելացել են նաև առանձնատան ձեռքբերման վերաբերյալ սկանդալային հրապարակումները, ըստ որոնց՝ նա անշարժ գույքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն ցածր, արտոնյալ գնով։ Քննարկումների առարկա են դարձել նաև ընտանեկան բնույթի պատմությունները, ինչպես նաև նրա հարաբերությունները նախկին քաղաքական թիմակիցների հետ։ ՔՊ-ում մինչ օրս հիշում են նաև, որ Կոնջորյանը Էդմոն Մարուքյանի սանիկն է, որին քաղաքական նպատակահարմարությամբ դավաճանեց:
Արդյունքում, իշխանական շրջանակներում բավականին տարածված է այն տեսակետը, որ Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու հեռանկարները չափազանց սահմանափակ են։

Այս ֆոնին հետաքրքրություն է առաջացնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ի տարբերություն մյուս երկու թեկնածուների՝ Ռուբինյանի անվան շուրջ վերջին տարիներին հանրային լայն սկանդալներ չեն եղել, և նա չունի այնպիսի բացասական հանրային բեռ, ինչպիսին վերագրվում է Ալեն Սիմոնյանին կամ Հայկ Կոնջորյանին։ Միայն թանկարժեք կանաչ թաղամասում գնված բնակարանն է: Սակայն ՔՊ ներսում նրան բնութագրում են որպես բավականին կոշտ, երբեմն՝ հախուռն և կոնֆլիկտային բնավորությամբ գործիչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա հաճախ է ցուցաբերում խիստ ղեկավարի վարքագիծ, իսկ որոշ կուսակցականներ նրան համարում են անկանխատեսելի։ Իշխանական թիմում մինչ օրս հիշում են նաև նախընտրական շրջանի այն դրվագը, երբ այսպես կոչված «ուրախ ավտոբուսի» ուղևորության ընթացքում նա արգելել էր թիմակիցներին պարել՝ համարելով, որ քաղաքական թիմի վարքագիծը պետք է լինի առավել զուսպ և կարգապահ։

Այսպիսով, մինչ Սահմանադրական դատարանը պատրաստվում է քննել ընտրությունների արդյունքների վիճարկման գործը և որոշել նոր խորհրդարանի լեգիտիմության շուրջ ներկայացված պահանջների ճակատագիրը, իշխող կուսակցությունը կենտրոնացել է արդեն հաջորդ քաղաքական խնդրի վրա՝ որոշելու, թե առաջիկա հինգ տարիներին ով է ղեկավարելու Ազգային ժողովը։

Եվ հենց այս երեք թեկնածուներից մեկի անունն էլ պետք է ընտրեն ՔՊ վարչության շուրջ 20 անդամները՝ բաց քվեարկությամբ։
Արդյոք հաղթելու է Նիկոլ Փաշինյանի աջակցության մասին վկայակոչող, քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը, կուսակցության ներսում աճող ազդեցություն ունեցող հախուռն բնավորությամբ Ռուբեն Ռուբինյանը, թե 3 կուսակցություն փոխած Հայկ Կոնջորյանը, կպարզվի արդեն առաջիկա օրերին»։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...