ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ. CivilNetCheck

Մրտ 30, 2025

Մարտի 30-ին՝ կիրակի օրը, Գյումրիում և Փարաքարում տեղի են ունենալու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ակտիվ նախընտրական պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է սոցիալական ցանցեր, որտեղ քաղաքական ուժերը միլիոնավոր դրամներ են ծախսում՝ հատկապես վճարովի գովազդների միջոցով։

CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։

Թանկարժեք քարոզչությունը՝ իշխանությունների ձեռքին

Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։

Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։

Հարկ է նշել, որ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները, թեև պաշտոնական են, կարող են ամբողջական պատկերը չարտացոլել։ Չեն հաշվարկվում այն գովազդները, որոնք հրապարակվելուց հետո ջնջվել են կամ որոնց համար օգտագործված էջերն այժմ արդեն գոյություն չունեն։ Հոդվածի հրապարակման պահին Meta-ում մարտի 25-ից հետո թարմացված տվյալները դեռևս հասանելի չեն։

Ինչպե՞ս է բաշխվում է այս 16,000 դոլարը. ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բյուջեի մի զգալի մասն ուղղվում է ոչ թե սեփական քարոզչությանը, այլ՝ ընդդիմադիրների դեմ հակաքարոզչությանը։

Կեղծ էջերի ցանց՝ ընդդիմադիրներին հարվածելու համար

Ուշագրավ է, որ ՔՊ-ի և նրա հետ կապված էջերի ընդհանուր գովազդային բյուջեի ավելի քան 20%-ը՝ 3,397 դոլար, ուղղված է տարբեր էջերի ֆինանսավորմանը, որոնք հիմնականում զբաղված են ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկմամբ։

Այս ցանցի առանցքը կազմում է «C News» էջը՝ 2,737 դոլար ծախսով, որը ֆինասավորվում է Civic-ի՝ «Քաղաքացիական պայամանագրի» կուսակցական լրատվամիջոցի կողմից, ինչպես նաև, Armenian News-ը՝ 560 դոլարով և «Փրկենք հայրենիքը» էջը՝ 100 դոլարով։

Այս էջերի տարածած բովանդակությունը հազվադեպ է անդրադառնում իշխող ուժի ծրագրերին. փոխարենը՝ կենտրոնանում է ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկելու, նրանց անձնական կյանքի և նախկին կապերի մասին բացասական պատմությունների վրա և անգամ հրապարակում անհայտ ծագման «գաղտնի» ձայնագրություններ։

Նկատելի է նաև գովազդային ռազմավարությունների տարբերությունը։ Իշխանական թիմն օգտագործում է բարձրարժեք գովազդներ՝ մոտ 100 դոլար միջին արժեքով, մինչդեռ ընդդիմադիր ուժերի գովազդների միջին արժեքը չի գերազանցում 10-20 դոլարը։ Սա վկայում է ընտրություններում քաղաքական ուժերի ֆինանսական հնարավորությունների էական տարբերության մասին։

Meta-ի գովազդային գրադարանից ստացված տվյալները ցույց են տալիս, որ նման մեթոդներ իշխանության հետ կապված էջերը կիրառել են նաև նախորդ ընտրությունների կամ քաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի գլխավորած բողոքի ակցիաների, 2023-ի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Գյումրին՝ ընտրապայքարի էպիկենտրոն

Տարածքային ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գյումրիի ընտրությունները դարձել են իրական մարտադաշտ։ Գյումրիի ընտրողների ուշադրությունը գրավելու համար ծախսվել է 14,000 դոլար, ինչը 12 անգամ գերազանցում է Փարաքարի ընտրություններին ուղղված 1,200 դոլարը։

Բացի մասնակից ուժերի թվից, Գյումրիի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև քաղաքի ռազմավարական նշանակությամբ՝ որպես Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք։ Այստեղ հաղթանակը խորհրդանշական նշանակություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար։Meta-ի տվյալները ցույց են տալիս միայն քաղաքական ֆինանսավորման մի փոքր, բայց կարևոր հատվածը, չներառելով այլ հարթակներում՝ այդ թվում սոցցանցերում, հեռուստատեսությունում կամ ավանդական մեդիայում կատարվող ծախսերը կամ չդասակարգված գովազդները։

Սակայն նույնիսկ այս սահմանափակ պատկերը վկայում է քաղաքական դաշտի խորը անհավասարակշռության մասին, որտեղ իշխող ուժը տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների և օգտագործում դրանք հակաքարոզչության համար։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...