ՔՊ-ականները հերթով նույն դասն են հանձնում․ Տեր Վրթանես

19 Հոկտեմբերի, 2026

Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը։ Այս մասին գրել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին իշխանական վերջին հայտարարությունները լսելիս ավելի ու ավելի է ամրապնդվում տպավորությունը, որ ՔՊ-ականները հերթով նույն դասը հանձնում են։ Փոխվում են դեմքերն ու ամբիոնները, բայց հիմնական տեքստը մնում է նույնը։

Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում արդեն ամրագրված է Կաթողիկոսին հեռացնելու նպատակը, իսկ վարչապետի հանձնարարությամբ պատրաստված սեպտեմբերի 24-ի զեկույցը ներկայացվում է այդ օրակարգի շրջանակում։ Հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի աշխատանքի համար կրկին առաջադրեց կառավարման ժողովական սկզբունքի, հոգևորականների սոցիալական երաշխիքների և բարեվարքության հարցերը։ Երբ քաղաքական ցանկալի արդյունքն ամրագրված է ուսումնասիրությունից առաջ, ուսումնասիրության անաչառության մասին հավաստիացումները համոզիչ չեն հնչում։

Այնքան նման են ՔՊ-ականների ելույթները, որ երբեմն թվում է՝ հեղինակը մեկն է, իսկ մյուսներին բաժին է հասել տեքստն անգիր սովորելու պատվավոր պարտականությունը։ Անձնական ներդրումը հիմնականում ձայնի բարձրությունն է։ Դասը սերտած են, արտասանությունը՝ մշակած, բայց հանրությունը դեռ սպասում է ապացույցին։ Միևնույն մեղադրանքը տասը խոսափողով հնչեցնելը տասը ապացույց ունենալ չի նշանակում։

Այժմ այս կրկներգի մեջ հատուկ տեղ է գրավել հոգևորականների սոցիալական վիճակի հանդեպ ցուցադրվող մտահոգությունը։ Իշխանության ներկայացուցիչները ցանկանում են հանդես գալ որպես քահանաների իրավունքների պաշտպաններ։

Սոցիալական իրավունքը կուսակցական բարեհաճություն չէ, իսկ բժշկական ապահովագրությունը չի կարող ծառայել որպես եկեղեցական հնազանդությունը քաղաքական հնազանդությամբ փոխարինելու միջոց։ Ավելին՝ Հայստանում գործող բոլոր հոգևորականներն ապահովված են բժշկական ապահովագրությամբ, իսկ հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ։

Այս ընտրովի հոգատարությունն առավել անհամոզիչ է երկրի սոցիալական իրականության կողքին։ Արմստատի 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21,7 տոկոսն ապրում էր աղքատության ազգային շեմից ցածր։ Այդ մարդկանց կյանքը չի բարելավվում Եկեղեցու հասցեին հերթական մեղադրանքով։

Նույնքան կոնկրետ են բռնի տեղահանված արցախահայերի կարիքները։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակումը, ամփոփելով 2025 թվականի ուսումնասիրությունները, արձանագրում է փախստական որոշ ընտանիքների բնակարանային անապահովությունը, բուժօգնության ծախսերի բեռը և անկայուն զբաղվածությունը։ Պետական ու միջազգային աջակցության ծրագրերը կան, սակայն դրանց գոյությունը չի նշանակում, որ այդ դժվարությունները հաղթահարված են։

Նույն անգրագետ մակերեսայնությամբ է շրջանառվում Եկեղեցու «միապետական կարգի» մասին մեղադրանքը։ Այո՛, Եկեղեցու կարգը միապետական է՝ հայրապետական առաջնորդությամբ, և միաժամանակ ժողովական է։ Հայոց Հայրապետը նվիրապետության գլուխն է, իսկ Ազգային-Եկեղեցական ժողովը՝ եկեղեցական իշխանության գերագույն մարմինը։ Հայրապետական իշխանությունն ու ժողովականությունը եկեղեցական կարգում համատեղ են գործում։

Այս կարգը հոգևորականներին քաջ հայտնի է։ Առավել ևս՝ այն կուսակրոն հոգևորականներին, որոնց ստորագրած ուխտագրում ամրագրված են Ամենայն Հայոց Հայրապետին հնազանդությունը։ Ստանձնած ուխտը չի վերանում քաղաքական նախասիրության փոփոխությունից։

Միապետական սկզբունքը միահեծան կամայականության հետ նույնացնելը նույնքան անհիմն է, որքան ժողովականությունը կուսակցական վերահսկողությամբ փոխարինելը։

Առավել զավեշտալի է այն ինքնավստահությունը, որով եկեղեցական կարգի մասին վճիռներ են արձակում մարդիկ, որոնց խոսքում հազիվ է նշմարվում այդ կարգի տարրական իմացությունը։ Թվում է՝ Նիկոլ Փաշինյանի պատարագային շրջայցերը ոմանց համար նաև արագացված եկեղեցագիտության դասընթաց են դարձել. մի կիրակի սովորում են, թե որտեղ կանգնել տեսախցիկի առաջ, հաջորդին արդեն պատրաստ են վերաձևելու տասնյոթդարյա Եկեղեցու կառավարումը։

Ցավոք հանրային քննարկման մեջ մեծ տեղ է զբաղեցնում իշխանության հակաեկեղեցական օրակարգը, մինչդեռ Հայաստանի աշխարհաքաղաքական, գոյաբանական և անվտանգային խնդիրները շարունակում են պատասխաններ պահանջել։

Արցախի հայաթափումը իրականություն է։ Այդ աղետի վերաբերյալ Հայաստանի իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը չի փակվում եկեղեցականներին ու Եկեղեցուն ներկայացված կեղծ մեղադրանքով։
Եկեղեցու դեմ շարունակական արշավը իշխանության համար հարմար հնարավորություն է՝ իր գործունեության ու թերացումների մասին հարցերին պատասխանելու փոխարեն հասարակությանը զբաղեցնելու ուրիշ հաստատության ենթադրյալ մեղքերով։ Այս գործելաոճով հասարակության ներսում խորանում են բաժանումները հենց այն ժամանակ, երբ արտաքին մարտահրավերները միասնականություն են պահանջում։

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար։ Եթե իշխանությունն իրոք հոգ է տանում ժողովրդի մասին, թող այդ հոգատարությունն ապացուցի սեփական պարտականությունները կատարելով։ Հակաեկեղեցական տեքստերը, կեղծիքն ու սուտը անգիր կրկնելը այդ պարտականություններից չէ»։

Նմանատիպ նյութեր

«Ֆայրբերդ» ընկերության ԱԲ գործարանում աշխատակիցն ընկել է կռունկի դիտաշտարակից ու մահացել

«Ֆայրբերդ» ընկերության ԱԲ գործարանում աշխատակիցն ընկել է կռունկի դիտաշտարակից ու մահացել

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ...

ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի

ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի։ Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի որոշումը հարկային պարտավորությունների գանձման մասով։ Հայցը...

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա: Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ-ի այն պնդմանը, թե Լատվիայում արգելված պեստիցիդ պարունակող թեյի...

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Բայց...

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին՝ իրավիճակի հնարավոր սրման մասին։ «Մերձավոր Արևելքում ներկայումս գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պատճառով։ Անհրաժեշտ է հաշվի առնել...