Քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության․ Մուշեղ Սրբազան

14 Մայիսի, 2026

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ:

Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում:

«Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։

Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», — նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։

Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։

․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։

Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։

«Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։

․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...